ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը, որն աղոթքով բացեց բենթլիասեր, քրեական «ռազբորկաները» կարգավորող հոգեւորական Նավասարդ Կճոյանը, վարժ առոգանությամբ ելույթ ունեցավ ԵԿՄ նախագահը, այնուհետեւ` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարը: Ուրախ էին բոլորը, քանի որ Սերժ Ազատիչն անձամբ էր իր ներկայությամբ պատվել միջոցառումը. ոչինչ, որ դահլիճն էլ մի փոքր ցուրտ էր:
Հանգստյան օրերին հեռուստաընկերություններն իրենց ռեպորտաժներով տպավորություն էին ստեղծում, որ ազգի հայրենասեր զանգվածը մեկտեղվել է Համալիրում: Բայց իրականում հասկանալի է, որ այդ համագումարը հետաքրքիր էր, քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, եւ աշխարհի ամենաապաքաղաքական կառույցի անգամ չունեցած դիրքորոշումը հօգուտ ՀՀԿ-ի պաշտոնապես ֆիքսելը կարեւոր է:
Եւ այսպես, եղավ այն, ինչ պետք է լիներ. քաղաքականությամբ չզբաղվող ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին: Բայց ոչ թե որպես ՀՀԿ առաջնորդի, այլ` երկրի ղեկավարի: Ծիծաղելի այս դիրքորոշումը, բնականաբար, ԵԿՄ-ի համար նորմալ է, քանի որ առաջին անգամը չէ, որ այդ կառույցը ոչ միանշանակ տեսակետ է հայտնում: Նրանք նախկինում էլ ասում էին, թե ԵԿՄ-ն ժողովրդինն է եւ պետք է ծառայի միայն հայրենիքին, բայց հիմա ասում են, թե Սերժ Սարգսյանն է միակը, որի հրամանով գեներալ Մանվելը պատրաստ է գնալ՝ մեռնելու: Իհարկե, մենք գնահատում ենք նրա անձնազոհությունը եւ մի անգամ արդեն տեսել ենք, թե ռազմաճակատում ինչ սխրանքներ է գործել Մանվելը, բայց այսօր, այս համատարած աղքատության ու արտագաղթի ֆոնին Սերժ Սարգսյանին նույնացնել հայրենիքի ու ժողովրդի հետ, մեղմ ասած, անընդունելի է: Բայց միաժամանակ հասկանալի է, որ կիսաընդդիմադիր դաշտից միանգամից իշխանական հարթություն տեղափոխվելը որոշակի զոհեր է պահանջում, ինչը ԵԿՄ-ն սիրով տվեց:
Համագումարին մասնակցելու հրավեր չէր ստացել ընդդիմադիր հայացքներ ունեցող որեւէ գործիչ. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որ նախորդ համագումարի ընթացքում նույնիսկ ելույթ ունեցավ, այս անգամ չէր հրավիրվել. այնտեղ էին Արմեն եւ Գրետա Սարգսյանները: Իսկ ԵԿՄ վարչության նախկին անդամներ Աշոտ Զաքարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ այլն, չէին հրավիրվել նաեւ անցած համագումարին: Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա իշխանությանը հակառակ տեսակետ հայտնողները մեր երկրի համար արյուն չեն թափել: Ովքեր Մանվել Գրիգորյանին չեն «պաշտում», թշնամի են, թուրք, ու նրանց մասին ցանկացած հիշատակում` անգամ վիդեոկադրի տեսքով, դավաճանություն է դիտարկվում:
Հատկանշական է, որ ԵԿՄ համագումարին մասնակցում էին այն գեներալները, որոնք, 2008-ի փետրվարի 24-ին մի սրտաճմլիկ հայտարարության տակ ստորագրելով, դուրս եկան ԵԿՄ-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը եւս 2008-ին դուրս եկավ ԵԿՄ-ից, հրահանգել է իր ենթականերին` զանգահարել եւ բոլոր գեներալներին ասել, որ անպայման ներկա լինեն համագումարին: Սակայն շատ զինվորականներ չեն կատարել Օհանյանի բանավոր-միջնորդավորված հրահանգը: Իհարկե, ՊՆ խոսնակ Դավիթ Կարապետյանը հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ բոլոր զինվորականներն անհատական հրավերներ են ստացել, ու իրենք են որոշել` գալ, թե ոչ:
Այնուամենայնիվ, հետաքրքիր էր համագումարին տեսնել «դարձի եկած» գեներալներ Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին, Հայկազ Բաղմանյանին, Լյովա Երանոսյանին, բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին եւ այլոց, որոնք նախկինում ստորագրել էին փաստաթուղթ հետեւյալ բովանդակությամբ. «2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ հասարակական կազմակերպության որոշ անդամներ, խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել «Երկրապահ»-ին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է եւ վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման եւ զարգացման գործընթացը: Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, գնահատելով եւ արժեւորելով «Երկրապահ»-ի դերն ու նշանակությունը, մեր զոհված ազատամարտիկ-ընկերների բարի անունն ու հիշատակը, ինչպես նաեւ առաջնորդվելով Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի մեծ զգացումով եւ մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու հաստատուն որոշմամբ` դադարեցնում ենք մեր անդամակցությունը կազմակերպությանը»:
Հիշեցնենք, որ այդ օրերին ԵԿՄ վարչության շատ անդամներ «ԵԿՄ-ին ոչ վայել գործունեություն» էին ծավալել` կանգնելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Այսօր ԵԿՄ-ն զբաղվում է իրեն «վայել գործունեությամբ»` սատարելով Սերժ Սարգսյանին: Առա՛ջ Հայաստան:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս