Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հանձնաժողովի կողմից արձանագրված խնդիրների ամբողջական բացահայտման և վերջնական եզրակացության ներկայացման անհրաժեշտությունից ելնելով` հանձնաժողովը խնդրում է իր գործունեության ժամկետը երկարացնել մինչև հաջորդ նստաշրջանի ավարտը:
Նա նիստում ներկայացրեց հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը: Վ.Այվազյանն այսօր նշեց, որ գազի սակագնի բարձրացմանը զուգընթաց էապես բարձրացել է նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի շահույթի ծավալը՝ հազ. խմ-ի հաշվարկով շուրջ 12%: Միաժամանակ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն պետությանը չի վճարել շահաբաժիններ:
Նա նշեց, որ վերջին 7 տարիների ընթացքում գազի պահեստարանի գծով ծախսերը և կապիտալ ներդրումները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ, իսկ գյուղական համայնքների գազաֆիկացմանն ուղղված ներդրումները՝ մոտ. 7.5 մլրդ դրամ:
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը գտնում է, որ լուրջ վերլուծության կարիք ունի գազի սակագնի բարձրացման ազդեցության գնահատումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա 30 դրամից՝ 38 դրամ կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց:
Ըստ հանձնաժողովի՝ 8 դրամ ավելացման միջակայքում «ՀԷՑ»-ին է պատկանում միայն 1.5 դրամը: