ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դահլիճից հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ` անդրադառնալով քառյակի հայտարարությանը: Նա նշեց, որ նրանց հայտարարությունն իրականությանը չի համապատասանում, և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր նախագծի քննարկումներն ու քվեարկությունն օրինական են:
Շարմազանովը նաև ընդգծեց, որ ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել և թույլ չի տվել ընդդիմությանը երկրորդ 20 րոպեանոց ընդմիջումը վերցնել, անհիմն են, քանի որ ընդմիջում հնարավոր է վերցնել միայն 1 անգամ:
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը քվեարկվել է ոչ իշխանական ուժերի կողմից խնդրած քսան րոպե ընդմիջումից հետո, և նույն հարցի վերաբերյալ մեկ անգամից ավելի ընդմիջում հնարավոր չէ վերցնել: Ուստի ևս մեկ անգամ վերահաստատում ենք, ինչպես Մուրադ Մուրադյանի և Արման Սահակյանի դեպքում չի եղել քվեարկություն, փաստաթուղթը իմ մոտ է, և կարող եմ բոլորին տրամադրել, այնպես էլ այս մեղադրանքը, որ իբր թե մենք չենք տվել, ԱԺ նախագահը չի տվել 20 րոպե ընմիջում սուտ է, որովհետև տրվել է 20 րոպե ընդմիջում և Կենսաթոշակային համակարգի մասին օրենքը քվեարկվել է անմիջապես ընդմիջումից հետո»: