ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆԸ հայտնի է որպես «Empyray» ռոք խմբի անդամ, երգահան: Հիմա նա «Հայ սուպերսթար-5» նախագծի երաժշտական պրոդյուսերն է:
-Քանի որ Դուք ռոք խմբի անդամ եք, ենթադրում եմ, որ Ձեր ռոքային շունչը կնկատվի նախագծում: Ռոքը գերիշխելո՞ւ է:
-Ճիշտն ասած, շեշտը չի դրվելու կոնկրետ ինչ-որ մի ուղղության վրա: Սկզբունքը մեկն է` մատուցել որակով երաշտություն, ոչ մի խտրականություն չի լինելու: Բնականաբար, ռաբիս երաժշտություն չեք լսի: Փորձում ենք մեր մասնակիցների անհատականությունը բացահայտել, եւ եթե կա մի ոճ, որն իրենց մոտ լավ կստացվի, մենք այն ավելի կզարգացնենք: Պետք է ստանանք հետաքրքիր պրոդուկտ` անկախ ոճից:
-Նախագիծը սկսվեց 12 մասնակցով, հե՞շտ էր նրանց ընտրել, թե՞ տաղանդավոր երիտասարդները շատ էին:
-Ընտրությունը ես չեմ արել, այլ ժյուրիի անդամները: Երաժշտական պրոդյուսերը իրենց ուղղորդում է, աշխատում է ամեն համերգից առաջ: Կարող եմ ասել, որ պոտենցիալով, տաղանդավոր երիտասարդներ են, գոհ եմ ընտրված մասնակիցներից:
-Ձեր գնահատմամբ՝ այդօրինակ նախագծերն ինչպե՞ս են ազդում երիտասարդների վրա: Ինչ-որ դուռ բացվո՞ւմ է, թե՞ նախագիծն ավարտվում է, նրանց «աստղային ժամը»` նույնպես:
-Նախագիծը մեծ օգուտ է տալիս: Դուք գիտեք, որ մեր իրականության մեջ մի քիչ դժվար է ինքնուրույն առաջ գնալ: Իսկ այս նախագիծը գալիս է ինչ-որ կերպ օգնելու տաղանդավոր երիտասարդներին, ու նրանք միանգամից հնարավորություն են ստանում երեւալու, ճանաչված ու սիրված դառնալու: Մի քանի ամիսների ընթացքում նրանց կյանքը փոխվում է: Մյուս ֆակտորն այն է, որ մեզ մոտ ներգրավված են մասնակիցներ ոչ միայն Երեւանից, այլեւ Հայաստանի բոլոր մարզերից եւ նույնիսկ սփյուռքից: «Հայ սուպերսթար-5»-ում մենք ունենք մասնակիցներ Մոսկվայից, Վրաստանից, Ուկրաինայից: Նախորդ եթերաշրջաններում մեզ միացել էին ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Սիրիայից… Սա, կարծես, հայերին համախմբող մի ծրագիր է:
-Գիտեմ նաեւ, որ այդ երիտասարդներն ինչ-որ պայմանագիր են կնքում «Շանթ» հեռուստաընկերության հետ, որը նրանց առջեւ շատ արգելքներ է դնում:
-Պայմանագիրն ունի կոնկրետ ինչ-որ ժամանակահատված, բայց ես մանրամասն ասել չեմ կարող, իրավասու չեմ: Նախագծից հետո էլ մասնակիցներն անգործության չեն մատնվում, մասնակցում են իրենց համար նախատեսված համերգների: Դա ըստ ֆորմատի նախատեսված ժամկետներ են, ու չեմ կարծում, որ մասնակիցներից որեւէ մեկին դա խանգարում է:
-Քանի՞ ամիս է տեւում նախագիծն ընդհանուր առմամբ:
-Նախագիծը կազմված է մի քանի փուլերից, եւ ունենք եւս 9 մենահամերգ, շաբաթը մեկ` մի համերգ, դե պատկերացրե՛ք` ինչքան կտեւի:
-Նախագծին մասնակցելու համար այդ երիտասարդներն ինչ-որ գումար վճարո՞ւմ են:
-Այստեղ իրենց հետ աշխատում են վոկալիստներ, ոճաբաններ, ամեն տեսակի մասնագետ, բայց նրանք դրա համար ոչինչ չեն վճարում, ոչ մի գումար: «Հայ սուպերսթար»-ն իրենց համար մեծ դպրոց է, խտացված ժամկետներում նրանք մեծ ինֆորմացիա են ստանում, նաեւ հայտնի են դառնում մի քանի ամսում:
-Իսկ նախագծում Ձեր մասնակցությունը չի՞ խանգարում խմբի աշխատանքներին:
-Փորձում եմ համատեղել, նոր բան չէ տարբեր ասպարեզներ համատեղելը, բայց առաջին ու կարեւոր ասպարեզն ինձ համար իմ ընտանիքն ու երեք երեխաներս են: Ժամանակի ընթացքում արդեն սովորել եմ, ամուսինս էլ օգնում է:
-Տարիներ առաջ նաեւ ակտիվ երգահան էիք, իսկ հիմա՞:
-Հիմա ժամանակն այդքան էլ չի բավականացնում գործիքին մոտենալու համար, չեմ հասցնում: Մի քանի ամիս առաջ լույս տեսավ մեր խմբի 3-րդ ձայնասկավառակը: «Empyray» խմբով նաեւ տարբեր համերգներ ենք ունենում:
-Որեւէ ակումբում մշտական աշխատանք ունե՞ք:
-Մենք ակումբներում չենք աշխատում, մենահամերգներ ունենում ենք կամ ինչ-որ համերգներ, բայց ակումբում մշտական մեզ տեսնել չեն կարող: Հետագայում հնարավոր է:
-Իսկ ինչո՞ւ ակուբներում չեք աշխատում, ամո՞թ է:
-Չէ՛, բացարձակ դա չէ պատճառը, ուղղակի հարմար ակումբ չենք տեսնում: Մենք երաժիշտ ենք, եւ մեր գործը նվագելն է, պարզապես այնպիսի ակումբ պետք է լինի, որ լավ տեխնիկա ու ձայն ունենա:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք ապահովում Ձեր եկամուտը, որ հետո կարողանաք երգ ձայնագրել, տեսահոլովակ նկարել, ձայնասկավառակ թողարկել:
-Հիմնականում համերգներից, եւ բացի այդ, ամեն մեկս էլ մեր առանձին գործունեությունն է ծավալում: Ես ու ամուսինս երաժշտական ստուդիա ունենք, որտեղ աշխատւմ ենք, ես նաեւ երգեր եմ գրում: «Empyray»-ը մենք պահում ենք կողքի աշխատանքներով:
-Այսինքն` ռոք երաժիշտներն այսօր Հայաստանում չե՞ն կարող միայն իրենց գործով լավ գումար վաստակել:
-Այո՛, հենց էդպես է: Ռոք երաժշտությունը բարդ երաժշտություն է: Շատ ավելի բարդ է կազմակերպել ռոքի համերգ, քան փոփի: Կենդանի հնչողության մասին չեմ ասում, տեխնիկապես էլ բարդ է: Կազմակերպիչները պետք է հաշվեն նաեւ այդ տեխնիկայի վարձելու պահը, 5 երաժիշտ եւ այդ տեսակ այլ խնդիրներ: Մի խոսքով, ռոք համերգ կազմակերպելը ծախսատար է:
«ՌՈՔԸ ԲԱՐԴ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ