Աղիքը կողքիցս դուրս հանած անգամ գալիս եմ էրեխուս տեսնեմ. «Կանազի» գործով ամբաստանյալի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանազի» զինհոսպիտալի գործով ամբաստանյալ 26-ամյա Ռազմիկ Մանուկյանի մայրը` Աննա Մանուկյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի:

Armlur.am-ի հետ զրույցում Մանուկյանի մայրը հայտնեց, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամներ են, չեն աշխատում: Տան միակ աշխատող ուժը Ռազմիկն է, ով գտնվում է մեկուսարանում:

«Քաղցկեղով հիվանդ եմ: Հիվանդանոցում պիտի երակիցս արյուն վերցնեն, 7000 դրամ են ուզում: Բայց ես այդքան որտեղի՞ց տամ, անգամ էրեխուս տեսակցության գնալու գումար չունեմ: Վերջին նիստին եկել էի, չնայած շատ վատ վիճակում էի: Մի կերպ տաքսիով Հոկտեմբերյանից հասանք Երևան: Աղիքը կողքիսց դուրս հանած անգամ ես գալիս եմ էրեխուս տեսնեմ: Ոչ ոք հաշվի չի առնում ծայրահեղ ծանր վիճակս: Եվ Ռազմիկին են տանջում, և մնացած բոլորին»,- նեղսրտեց Ռազմիկ Մանուկյանի մայրը:

Վերջինս իր խոսքում նշեց նաև, որ որդուն միայն դատական նիստերին է կարողանում տեսնել, քանի որ ֆինանսական սուղ պայմանների պատճառով չի կարողանում տեսակցության գնալ, անգամ հանձրույթ փոխանցել:

Աննա Մանուկյանը դժգոհում է նաև դատարանի վերաբերմունքից, քանի որ ամեն անգամ նիստերի ավարտից հետո, երբ փորձում են մոտենալ իրենց ամբաստանյալ որդիներին բարևելու, կարգադրիչներն արգելում և թույլ չեն տալիս առաջանալ:

«Վերջին նիստին երկար աղաչելուց, խնդրելուց հետո միայն թողել են մի պահ մոտենամ էրեխուս, պաչեմ, բարևեմ: Իսկ դատական նիստերին իբր տուժող կողմը հարցերին պատասխանում է, իսկ ինչը իրենց ձեռք չի տալիս, չեն ասում: Պատճառաբանում են, թե 8 ամիս է անցել, ու չեն հիշում: Իսկ Ռազմիկի հայհոյանքները հիշում են»,- ասաց ամբաստանյալի մայրը` նշելով, թե իր կարծիքով հոսպիտալի հրամանատար, գործով տուժող Սղահակ Օհանյանը շատ դրվագներ չի պատմել, քանի որ նրա շահերից չի բխել բարձրաձայնելու դրանց մասին:

Ինչ վերաբերում է Ռազմիկի առողջական և հոգեկան վիճակին, մայրը հայտնեց, որ նա իրեն նման չէ հոգեկան մեծ հարված ստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի /հոսպիտալի/ հոգեբուժական բաժանմունքում, նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողություն անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի /հոսպիտալի/ հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը, ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով կողապահարանը որպես զենք օգտագործելով նետել են, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը Ս.Օհանյանի ուղղությամբ, իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ։ Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։

Ռազմիկ Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1 մասի (խուլիգանություն) և 358 հոդվածի 3 մասի 1,2 կետերի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) չափանիշներով:

Տաթև Հարությունյան




Լրահոս