2009թ. օգոստոս-2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ և նախկին բորտ ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը և Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր առմամբ 16 800 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության “Դավիթաշեն” տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար: Այս մասին նշվում է 6 նախկին օդաչու կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման և վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով ավարտված նախաքննության մասին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարվա մայիսին հարուցվել էր քրեական գործ` “Յուրացում”, “Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը” և “Պաշտոնեական կեղծիք կատարելը” հոդվածներով: Դատախազության կողմից հաստատված եզրակացության մեջ նշվում է, որ ապօրինի գործարքներում բորտ-ուղեկցորդուհին զգալի` ընդհանուր 7 600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել է Ս. Հակոբյանին և Գ. Վարդանյանին` օդաչուների “օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում և հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, իրենց գործողություններով հիշյալ կենսաթոշակառուներին տարբեր ժամանակահատվածներում խաբեությամբ թռիչքային գրքույկներում թռիչքային ժամերի հավելագրումների եղանակով ավել հաշվարկված” գումարների ստանալու համար: Ապօրինի (ավել) գումարների ընդհանուր չափը 7 855 650 դրամ է:Սրա համար Միրզոյանը և Խալաթյանը վերցրել են նաև միջնորդավճար: Ս. Հակոբյանին. Գ.Վարդանյանին,, Կ. Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 38-178-րդ, 314-րդ, 315-րդ , 38-325-րդ հոդվածների տարբեր մասերով: Իսկ կենսաթոշակառու օդաչուները Մ. Եֆրեմյանին, Ա. Թունյանին, Ս. Հովհաննիսյանին, Տ. Սիմոնյանին և Ծ. Ասատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեկ այլ կենսաթոշակառո Ա. Աբրահամյանի մասով 2012թ. փետրվարի 21-ին որոշում է կայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին: Դավիթաշեն վարչական շրջանի “ՍՈՍ” համատիրության նախագահ Ժ. Ղուկասյանին և նույն համատիրության հաշվապահ Ա. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննության, սակայն կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում օդաչուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:
Սոցապ պետական ծառայության տարածքային բաժնի պետը 16800 դոլար կաշառք է վերցրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ