ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 15-րդ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին:

Նույն օրը տեղի ունեցած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Նիստին մասնակցեցին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից եւ Ռուսաստանի ՆԳ նախարարությունից, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վարչությունների պետերը:

Օրակարգը բաղկացած էր երկու հարցից.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցության վիճակը՝ հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման եւ չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2015 թ. աշխատանքային պլանի նախագիծը:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, Ռուսաստանի ՆԳ նախարարությունից՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գոլովանովը:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությունը հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման եւ չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշվեց, որ այդ ոլորտում ակնհայտ է երկու գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման միտումը: Քննարկման արդյունքներով ընդունվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ համատեղ որոշում:

Երկրորդ հարցի շրջանակում հաստատվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2015 թվականին, Ռուսաստանի Դաշնության տարածքում: Նիստի ավարտից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հանդիպեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:




Լրահոս