ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը որեւէ արտառոց բան չի տեսնում նրանում, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ: «Իշխանություններն ու հայրենիքը նույնը չեն»,-«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց նա:
-Պարո՛ն Ռուստամյան, նախորդ շաբաթ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, թե պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ: Ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար մարմնի ներկայացուցչի նման հանդիպումներն իշխանության ամենաբարձր ներկայացուցչի հետ ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Գործող ղեկավարությունն իրենք են: Մենք համահայկական բազմաթիվ հարցեր ունենք, որոնք պետք է իրականացնենք` անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը: Եթե դա այսօր չանենք, համահայկական խնդիրները չքննարկենք, ապա մեծ կորուստների կարող ենք հասնել: Մեր պայքարը միայն ներսում ժողովրդավարության, արդարության, ընկերվարության հետ կապված չէ, այլեւ կապված է ազգային հիմնախնդիրները լուծելու հետ: Արտաքին քաղաքականության մեջ, դրսում խնդիրներ են, որ պետք է համադրելով լուծել: Եթե մենք ընդդիմություն ենք, չենք խռովում պետությունից, մի կողմ չենք քաշվում, եթե կարող ենք այսօր ինչ-որ հարց լուծել, որովհետեւ դրա չլուծելու պատասխանատուն, ի վերջո, ողջ ժողովուրդն է լինելու: Վաղը եթե մենք ձախողվենք, օրինակ` կորցնենք անկախությունը, որեւէ մեկի համար կարեւոր չէ, թե դա ում մեղքով եղավ: Մենք բոլորս պատասխան ենք տալու, եւ պատասխանատվության զգացումն է մղում, որ մենք մի բան անելու դեպքում պետք է անենք:
-Տեսակետ կա, որ Հրանտ Մարգարյանը հրահանգներ է ստանում նախագահականից, իր քայլերը համաձայնեցնում է Սերժ Սարգսյանի հետ:
-Բացարձակապես, ՀՅԴ-ն հրահանգներ չի կարող ստանալ: ՀՅԴ-ն այն բացառիկ կուսակցություններից է, որն ունի հստակ գաղափարախոսություն: Ու դա պայմանավորված չէ որեւէ անձով՝ ես եմ, Հրանտ Մարգարյանն է, թե ով, կապ չունի. ՀՅԴ-ն իր գաղափարախոսությունը կրում է արդեն 122 տարի: Ուրեմն պարզ պետք է լինի, որ սա պայմանավորված չէ անձերով, այսօրվա հպանցիկ հանդիպումներով, քննարկումներով, այլ կա ուղղություն, որն այս կուսակցությունը միշտ պահպանել է: Դա իր տեսակի հարցն է, տեսակը չի կարող խաթարվել այս կամ այն իրադարձություններով: Եթե մենք սրա-նրա թելադրանքով շարժվեինք, ապա մենք 122-ամյա կուսակցություն չէինք լինի:
-Իսկ գործողությունների համաձայնեցո՞ւմ էլ տեղի չի ունենում այդ ընթացքում:
-Գործողությունների համաձայնեցում չի կարող լինել ի հաշիվ մեր գաղափարների: Դա բացառված է: Դա նշանակում է կորցնել տեսակը, ինչը բացառված է: Ինչ վերաբերում է մեր գաղափարներին, այդտեղ հարմարվել, համաձայնել հնարավոր չէ:
-Մի կողմից պահանջում եք այս իշխանությունների հրաժարականը, պայքարում նրա դեմ, հետո էլ հանդիպում եք իշխանության պարագլխի հետ:
-Իշխանություններն ու հայրենիքը նույնը չեն: Կարեւոր է դրանք տարբերել: Եթե մենք էլ նույնացնենք հայրենիքն ու իշխանությունը, ապա կլինի ձեր ասածով: Եթե մենք պայքարում ենք իշխանությունների դեմ, չի նշանակում, որ պայքարում ենք հայրենիքի դեմ: Նման բան չի կարող լինել:
-Ուղղակի իշխանության գլխին մի մարդ է, որի հրաժարականը պահանջում եք նաեւ այն պատճառով, որ իր կառավարման արդյունքում հայրենիքը լուրջ խնդիրներ ունի:
-Բայց դա չի նշանակում, որ իմ հայրենիքից պետք է խռովեմ կամ իմ պայքարը դադարեցնեմ: Ես շարունակում եմ պայքարել: Ու եթե դրանք նույնը լինեին, պայքարն անիմաստ կլիներ: Դրա համար ասում եմ՝ պայքարում ենք այն բոլոր հարցերում, որոնք մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր պապական արդարության վերականգնման հետ են կապված: Ու այդ նպատակով պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, այդ թվում եւ` դրսում: Կարող է վաղը քո հակառակորդի հետ համագործակցես՝ տվյալ խորհրդարանում ինչ-որ բանաձեւ անցկացնելու համար:
-Հայ ազգային կոնգրեսի հետ ընդհանուր հայտարարի եկաք համամասնական ընտրակարգի վերաբերյալ հարցում: Իսկ հետագա համագործակցությունը Կոնգրեսի հետ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Օրինակ՝ ընտրությունների հետ կապված:
-Մենք շատ հստակ ասել ենք, որ այդ դաշտում լուրջ անելիք ունենք` համաձայնեցված վերահսկել ընտրությունները, քանի որ մեկ քաղաքական ուժը դա չի կարող իրականացնել: Մենք բոլոր երկու հազար ընտրատեղամասերում պետք է ունենանք լուրջ պատրաստված անձանց ներկայություն, առնվազն չորս-հինգհազարանոց ընտրական բանակ պետք է ստեղծվի, որը պայքարի ընտրակեղծիքների դեմ, արձանագրի ընտրակեղծիքների ծավալ, որ հնարավոր լինի բողոքարկման հետ կապված` շարունակել պայքարը:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս