Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականի` Գերմանիային պարտությունից հետո երկրի քաղաքներում զանգվածային անկարգություններ են սկսվել:
Հիշեցնենք, որ բրազիլացիները պարտվել են ջախջախիչ 7:1 հաշվով: Երկրի քաղաքացիներից շատերի համար այս պարտությունը կիսաեզրափակչում ավելի նվաստացուցիչ էր, քան 1950-ին եզրափակչում Ուրուգվային պարտվելը: Այն ժամանակ Բրազիլիայի հավաքականը զիջել էր 1:2 հաշվով:
Սան-Պաուլուում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Ինտերնետում տարածվող լուսանկարներում երևում են փողոցներում սկսված հրդեհները: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ հանրահայտ Կապակաբանա լողափում տասնյակ հազարավոր մարդիկ դիտում էին խաղի հեռարձակումը, նույնպես միջադեպեր են եղել:
Սոցիալական ցանցերում հայտվել են խաղից հետո բրազիլական դրոշն այրող մարդկանց լուսանկարներ: