Էլբրուսում փրկված լեռնագնաց Հարիս Ադիլովիչը «Известия»-ին հայտնել է, որ ողբերգության հիմնական պատճառը եղանակի սխալ կանխատեսումն էր, ոչ թե խմբի անբավարար պատրաստվածությունը։
Նրա խոսքով՝ վերելքին մասնակցած բոլոր լեռնագնացները փորձառու էին և լավ ճանաչում էին միմյանց։ Նա նշել է, որ Բոսնիա և Հերցեգովինայում լեռնագնացները գրեթե ամեն շաբաթավերջ մարզվում են, քանի որ լեռները շատ մոտ են։
«Խնդիրը պատրաստվածության պակասը չէր։ Կարծում եմ, գլխավոր պատճառը եղանակի սխալ կանխատեսումն էր», — ասել է նա։
Ադիլովիչը նաև պատմել է, որ խումբը դժվարությունների է բախվել դեռևս վերելքի սկզբում։ Նրանք ուղեկցող (գիդ) չեն ունեցել, իսկ մեկնարկային հատվածում խմբի անդամներից մեկը սկսել է ուժեղ սառչել, ինչի հետևանքով առաջին խումբը որոշել է հետ վերադառնալ։
«Երկրորդ խումբը շարունակեց վերելքը, սակայն մոտ 100-150 մետր անց մենք նույնպես որոշեցինք հրաժարվել վերելքից։ Երբ երթուղու այդ հատվածում ամրացրինք ապահովագրական պարանները և բարձրացանք ավելի վեր, տեսանք, որ վերևում իրավիճակն էլ ավելի վատ է։ Այդ պատճառով որոշեցինք վերադառնալ», — հավելել է նա։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլբրուսի 5300 մետր բարձրության վրա գտնվող սեդլովինայի (Red Fox կացարանի հատվածում) մի խումբ լեռնագնացներ օգնություն էին խնդրել։ Ստավրոպոլի երկրամասից և Տուլայի մարզից երկու լեռնագնաց պաշտոնապես գրանցել էին իրենց երթուղին։ Փրկարարների ժամանելուց հետո պարզվել էր, որ մեկ մարդ զոհվել է։
Հայտնի է, որ զոհված լեռնագնացը Էլբրուս էր բարձրանում Ջիլի-Սու տեղանքի կողմից։ Նրան հայտնաբերել էին կամավորները։
Նշենք, որ Էլբրուսը Մեծ Կովկասի ամենաբարձր լեռնազանգվածն է։ Լեռան բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 5642 մետր, իսկ հարաբերական բարձրությունը 4741 մետր է։
Նանիկ Աղասյան























