Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գեւորգ Դանիելյանը:
Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական եւ արժեբանական նշանակության մասին, ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով: «Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:
Նա առանձնացրել է երեք տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ եւ այլ տիպի իրավունքներ: Նրա համոզմամբ, եթե չլինի որեւէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն:
«Ամենակարեւոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է նա: Խոսելով իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը եւ հանրապետության նախագահը տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի կդառնա քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի Գեւորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաեւ ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից:
Նա նշել է, որ այդ գործընթացը պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գեւորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարեւորվի նաեւ խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարեւոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, եւ կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:
Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները հետաքրքրվել են կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման միջազգային փորձով: Հարցադրումներ են եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, եւ սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձեւի եւ բովանդակության առումով»:
Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել հանրային վստահությունը: Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը: Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ եւս, որոնք քննարկվել են հանձնաժողովի անդամների հետ:
Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում: