ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես չորս տարի աշխատել եմ մասնավոր ընկերությունում: Աշխատանքային գրքույկում այդ ժամանակ աշխատանքս չի գրանցվել, իսկ հիմա այդ ընկերությունն այլեւս չի գործում: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպես կարող եմ վերականգնել իմ չորս տարվա աշխատանքային ստաժը:

Աննա Կարապետյան, 30 տարեկան,
տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Դուք աշխատել եք աշխատանքային պայմանագրով, եւ Ձեր աշխատած ժամանակահատվածը` որպես աշխատանքային ստաժ, Ձեր աշխատանքային գրքույկում չի լրացվել, ապա Դուք կարող եք վերցնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության ազգային արխիվից Ձեր աշխատած ժամանակահատվածի  վերաբերյալ: Աշխատանքային գրքույկում նախկինում կատարած աշխատանքը չի գրանցվի, բայց այդ տեղեկանքը Դուք կարող եք ներկայացնել այն կազմակերպությանը, որտեղ  կընդունվեք աշխատանքի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելի հավանական է, որ քաղաքացուն չհաջողվի վերականգնել իր աշխատանքային ստաժը: Եթե ժամանակին գործատուն նրան գրանցած լիներ, ապա այդ մասին վերջինիս աշխատանքային գրքույկում համապատասխան նշում կատարելը նրանից րոպեներ կպահանջեր: Խնդիրն այն է, որ սոցվճարումներից խուսափելու նպատակով գործատուները հատուկ պայմանով են մարդկանց աշխատանքի ընդունում, զբաղվածության խնդիր ունեցող քաղաքացին այդ պահին գրանցման հարցին ուշադրություն չի դարձնում, բայց որոշ ժամանակ անց հայտնվում է փաստի առաջ: Այս հարցում իր անելիքն ունի Աշխատանքի տեսչությունը, որն այդպես էլ չի կրճատում ստվերի ահռելի ծավալները:




Լրահոս