Հասարակությունը պետք է տեղեկացված լինի իրեն սպառնացող վտանգի մասին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գերմանիայի հավաքականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու լուրն անգամ դույզն չպակասեցրեց այն հետաքրքրասիրությունն ու անհանգստությունը, որով մեր երկրում գրեթե ամենուր քննարկվում է ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցման մասին լուրը:

Տեսակետ կա, որ դիվերսանտների մասին տեղեկատվությունը փակ թեմա է, բայց մյուս կողմից՝ աներկբա է, որ հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինել իրեն սպառնացող վտանգի կամ դրա չեզոքացման մասին: Հատկապես, երբ արդեն մի ողջ տարածաշրջանի ժողովուրդ է խոսում այն ամոթի մասին, որ ադրբեջանցի տասնյակ դիվերսանտներ ամիսներով ապրում են իրենց շրջապատում՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքների պատկերացմամբ: Համաձայնվեք, որ մարդկանց խուճապը ցրելու միակ ճանապարհն անհրաժեշտ տեղեկություն հաղորդելն է, քանի որ վարդենիսցիները ոչ այնքան վախեցած էին ադրբեջանցի դիվերսանտներից, որքան անհանգստացած՝ անորոշությունից:

Եվ ահա, երեկ, ԼՂՀ ՊԲ-ն տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ դիվերսանտների խումբն ամբողջությամբ վնասազերծվել է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը հարցադրումներ է ուղարկել ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ՀՀ եւ ԼՂՀ Պնախարարություններին՝ հետաքրքրվելով՝ ի վերջո ի՞նչ պայմաններում են եւ քանի դիվերսանտ են իրականում հատել ՀՀ սահմանը, ո՞վ կամ ովքե՞ր են այդ իրավիճակի պատասխանատուն եւ արդյո՞ք նախատեսված են պատժամիջոցներ որեւէ մեկի նկատմամբ:

Բացի այդ, դիվերսանտների հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Քարվաճառից անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը: ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն «Ժողովուրդ»-ին պատասխանել են, թե հարցերն իրենց տիրույթում չեն: Սպասում ենք ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների պատասխաններին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս