«Ժամանակ» թերթը զրուցել է Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Տեր-Թադեւոսյան, վերջին օրերին իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո ձերբակալված դիվերսանտի նկարները հրապարակվեցին, բայց շատերն ասում են, որ դրանք դիվերսանտներ չեն, որ այս ամենը մտացածին է։ Մյուս կողմից, ադրբեջանցի փորձագետ Մուբարիս Ահմեդօղլուն մեզ հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին մնացել է միայն որոշել, թե կոնկրետ երբ պետք է սկսել պատերազմը, եւ բլից-կրիգ իրականացնել։
Եթե ադրբեջանցիներն ուզում էին պատերազմ եւ պատրաստ էին դրան, նրանք դա կարող էին սկսել հուլիսի 1-ին։ Նրանք կարող էին ասել, որ հայերը մեզ վրա հարձակվել են, մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, ու սկսեին պատերազմը։ Ի՞նչն էր խանգարում Ադրբեջանին պատերազմ սկսել։ Հիմա Ադրբեջանում շատ են խոսում բլից-կրիգի մասին ու ամեն անգամ մեկը մյուսի հետեւից զորավարժություններ են անցկացնում։ Դրանք նպատակ ունեն Ղարաբաղը գրավել 3-րդ, 4-րդ, 1-ին ու 2-րդ կորպուսներով։ Նրանք 5 բանակային կորպուս ունեն, բայց բանն այն է, որ իրենց ունեցած զենք-զինամթերքով չեն կարող այդ տարածքում գործողություններ իրականացնել։ Ղարաբաղի տարածքը սարի վրա է, եւ պետք է հաշվել, թե ռազմական գործողությունների տարածքում քանի տանկ ու ռազմական տեխնիկա կարող է գործել»:
Կա՞ն վախեր, որ պատերազմ կարող է սկսել։
Ոչ, վախ չկա եւ չի կարող լինել, բայց նրանք ինչ-որ չափով իրենց ուզածին հասնում են, մեր ժողովուրդը խուճապի մեջ է, Ղարաբաղում զանգահարում հարցնում են՝ Արցախի ճանապարհը բաց է, թե ոչ։ Ադրբեջանական կողմն ուզում է խուճապ առաջացնել, բայց շնորհիվ հայկական լրատվամիջոցների՝ բոլորը կարդում ու հասկանում են, թե իրականում ինչ է կատարվել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում