ԿՆՈՋԸ ՍԻՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ ԳԱԶԻ ՖՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իրեն ոչ միայն արդյունավետ բանակցող է համարում, այլեւ մեծն Դոն Ժուան, որն իրեն իրավունք է վերապահում նաեւ այդ թեմայով դասախոսություններ կարդալ խորհրդարանում: Եվ այսպես` ԱԺ երեկվա լսումների ժամանակ ծագումով ապարանցի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն Ա. Մովսիսյանին գազի կալորիականության մասին հարցն ավելի պատկերավոր հնչեցնելու համար ասաց. «Սովետի ժամանակ սուրճը դնում էինք գազին, եփում էինք, խմում, հետո էինք գնում գոմ, հիմա սուրճը դնում ենք գազին, իջնում ենք գոմ, կովին խոտ ենք տալիս, գալիս ենք, կնոջը մի անգամ սիրում ենք, երկրորդ անգամ ենք սիրում, միայն դրանից հետո է սուրճը եռում»: Ա. Մովսիսյանն էլ ահա այսպիսի խորհուրդ տվեց. «Հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել»: Խոստովանենք, այս հայտարարություններին կնախանձեր անգամ Զիգմունդ Ֆրոյդը:

 

 
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարության կողմից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կամ հակառակ դեպքում հրաժարական տալու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե դա քաղաքական հորդոր էր: Այս հայտարարության մասին Ս. Սարգսյանի վերաբերմունքը «Ժողովուրդ»-ը ճշտեց նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից: Վերջինս, մեր հարցմանն ի պատասխան, ասաց, որ դեկտեմբերի 13-ին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանն անդրադարձել է այդ հարցին` բացատրելով նաեւ, թե երբ եւ ինչպես են դիտարկվելու դրված նպատակների ու ձեռք բերված արդյունքների միջեւ հնարավոր շեղումները: «Կարծում եմ` այս հարցին Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա իր կողմից նախանշված ժամկետներում` համապատասխան վերլուծությունների քննարկումից հետո»,-ասաց նա:

 

 

 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, հետեւաբար Մաքսային միությանն անդամակցելու դեպքում եւս նույն ռեժիմը պետք է գործի: «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք,-«Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով,-ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա»: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել՝ միակ հուսադրող բանն այն է, որ ՄՄ-ն փաստացի ընդունելու է ԼՂՀ կարգավիճակը որպես Հայաստանի մաս:

 

 
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ահա թե ինչ ասաց. «ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ: Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ… Ամերիկայում շատ խիստ է դրված էդ հարցը: Գնալ մարդու տուն ու նման բա՞ն անել… Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի»: Խաչատրյանը կրկնեց, թե իր որդին ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել:




Լրահոս