ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ ՄՈՒԿ, ՄԻ ՁՈՒԿ

Կառավարությունը հինգշաբթի օրը կայանալիք նիստում որոշում է կայացնելու իրեն նվիրաբերած գույքն ընդունելու մասին: Պարզվում է` «Յունիքոմփ» ընկերությունը որոշել է կառավարությանը նվիրաբերել 3 հատ IP Phone YEALINK SIP-T38G հեռախոս, 3 հատ Expansion YEALINK EXP39 հեռախոսի մոդուլ եւ 17 հատ էլ IP Phone YEALINK SIP-T32G հեռախոս: Ընդ որում, կառավարության որոշման նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ այդ հեռախոսները որպես նվեր պետք է ընդունել կառավարության աշխատակազմի «բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչու է այս ընկերությունը որոշել կառավարությանը նվեր անել, արդյոք այդ որոշումը կայացրել են ինքնակամ, թե վարչապետի «հորդորով»: Փաստացի կարելի է ենթադրել, որ կառավարությունը սպասում էր այդ նվերին` բնականոն եւ արդյունավետ աշխատելու համար:

 

 

ԵՊՀ-Ի ՀԵՏՔԵՐՈՎ

 «Ժողովուրդ»-ը դեկտեմբերի 7-ին գրել էր, որ ԵՊՀ-ի շուրջ նոր աղմուկ է հասունանում, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն ավանդաբար ամեն տարի իր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, այս տարի չի պատրաստվում դա անել: «Այս տարի 13-րդ աշխատավարձը որոշել է կիսատ տալ, ու դա էլ դեռ քիչ չէ, հայտարարել է, որ ինքն է որոշում՝ ում ինչքան տա»,-նշել էին դասախոսները: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո ԵՊՀ-ի հաշվապահությունում եւ ռեկտորատում խառնաշփոթ է ստեղծվել: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի շարք դասախոսներ ասացին, որ Արամ Սիմոնյանը վճարել է իրենց 13-րդ աշխատավարձը եւ այն էլ ամբողջությամբ: Նրանք հույս հայտնեցին, որ ռեկտորը կկատարի իր մյուս խոստումը եւս` 2014թ. հունվարից բարձրացնելով դասախոսների աշխատավարձը:

 

 

ԷԺԱՆ ԳԱԶ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Ռուսական «Գազպրոմ» եւ ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունների երեկ ստորագրած համաձայնագրով այսուհետ Ուկրաինան Ռուսաստանից գազը կստանա 1000 խմ-ն 268,5 դոլարով` ներկայիս 410 դոլարի փոխարեն: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ընդառաջ գնալ գործընկերներին, սակայն մեր առջեւ փոխգործակցության երկարատեւ եւ արդյունավետ սխեմայի մշակման հարց է դրված, ինչը թույլ կտա գնի մշտական քննարկումներից անցնել ինչպես Ուկրաինա գազի մատակարարման, այնպես էլ հուսալի տարանցման պրագմատիկ հայեցակարգի»,-փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

 

 

ՄԻԱՅՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ
Ոստիկանությունը հիշեցնում է, որ փոփոխություններ են կատարվել նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային տվյալներ պարունակող կենսաչափական անձնագրերի համակարգում, եւ 2014թ. հունվարից այլեւս հին անձնագրեր չեն տրամադրվելու:




Լրահոս