ՓՈԽԱՆՑԵԼ ՄՈՑԱՐՏԻ ՈՒ ՇՏՐԱՈՒՍԻ ՇՈՒՆՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Վիեննա գալա» համերգային նախագիծը։ Ավստրիացի հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ սոպրանո Աննա Րիանի (Ավստրիա) մատուցմամբ։ Համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Վոլֆգանգ Գրյոսը (Ավստրիա)։

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշեց, որ իրենց ցանկությունը հանդիսատեսին գեղեցիկ երաժշտություն մատուցելն է։ Բայց կարեւորեց նաեւ հանդիսատեսի ներկայությունը երեկոյան զգեստով եւ պարահանդեսին հարիր աքսեսուարներով. «Անշուշտ, շատ կարեւոր է բեմահարթակից մատուցվող երաժշտության որակը, բայց երբ հանդիսատեսը գեղեցիկ հագուստով է, արտիստն էլ է իրեն լավ զգում։ Իսկ հայ հանդիսատեսին միշտ հատուկ է եղել այդ կուլտուրան, որը հարկավոր է վերականգնել։ Մոցարտով եւ Շտրաուսով են ճանաչում Ավստրիան, ու փորձելու ենք փոխանցել այդ շունչը»։ Դիրիժորը նշեց, որ այս համերգը բարեգործական է, ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է վատառողջ երեխաների խնդիրներով զբաղվող հիմնադրամին։
Իսկ համերգը ղեկավարող ավստրիացի դիրիժոր Վոլֆգանգ Գրյոսն էլ տեղեկացրեց, որ մյուս տարի փորձելու են հայ-ավստրիական համատեղ նախագիծ իրականացնել՝ ներկայացնելով Շտրաուսի «Չղջիկ» օպերետը, ինչի համար նա հույս ունի Ավստրիայից ու նաեւ Հայաստանի կառավարությունից աջակցություն ստանալ։ Կարեն Դուրգարյանն էլ հավելեց, թե, իր կարծիքով, առաջին անգամ դասական օպերետը կներկայացվի Հայաստանում։ Ռեժիսորը, նկարիչը եւ դիրիժորը կլինեն Ավստրիայից, իսկ նվագախումբը, երգիչներն ու արտիստները` Հայաստանից։
Համերգին պետք է մասնակցեր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերայի եւ բալետի առաջատար մեներգչուհի Անահիտ Մխիթարյանը, որը, սակայն, վատառողջ էր եւ նույնիսկ ասուլիսին չէր եկել։ Իսկ մյուս սոպրանո երգչուհին՝ Աննա Րիանը, նույնպես հայուհի է, ունի լիրիկո-դրամատիկ ինքնատիպ ձայն։ Նրա իսկական անուն-ազգանունը Անահիտ Զաքարյան է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ իր ընտանիքը Երեւանում է ապրում: Իսկ ինքն արդեն տարիներ ի վեր ապրում եւ աշխատում է Ավստրիայում 24-ամյա դստեր հետ: Երգչուհին նաեւ կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար է, հիմնականում ներկայացնում է Մոցարտի ու Շտրաուսի ստեղծագործությունները։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս