ԴԱՎԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, աշխատել թատրոնում, նկարահանվել «Սպանված աղավնի» ֆիլմում, հանդես եկել որպես երկրորդ ռեժիսոր: Նաեւ խաղացել է «Մոխրոտը» երաժշտական ֆիլմում:
-«Եզրագծից այն կողմ» սերիալում Արամի դերն եք խաղում, ով շատ դրական կերպար է: Ձեզ համար նշանակություն ունի՞, թե ինչ հերոս է:
-Իհարկե: Երբ ռեժիսորն ինձ առաջարկեց, ես մի քիչ երկմտում էի: Ինձ համար կարեւոր էր սերիալի ընթացքը, ավարտը: Վարանում ես, քանի որ չգիտես` վաղը քո կերպարի հետ ինչ կանի սցենարիստը: Կարծում եմ` լավ էլ գիտեք, որ մեր սցենարը գրվում է օր օրի: Բոլոր հեռուստասերիալներն էլ այդպես են, ոչ մի տեղ պատրաստի սցենար չկա, որ իմանաս կերպարիդ ճակատագիրը:
-Շատ դերասանուհիներ հրաժարվում են նկարահանումներից հասկանալի պատճառներով` չեն համաձայնում մերկ տեսարաններում նկարահանվել կամ համբուրվել: Դերասանների համար ի՞նչ արգելքներ կարող են լինել:
-Տղամարդիկ էլ կարող են համբուրվելուց կամ մերկ տեսարաններից հրաժարվել: Ի՞նչ կապ ունի` տղամարդն է համբուրվում, թե կինը: Բայց այս սերիալում ես նման խնդիրներ չունեմ:
-Ներկայացնում եք հայ ոստիկանի դրական կերպար: Ի՞նչ եք կարծում, մեր ոստիկաններն իսկապե՞ս Արամի նման են:
-Ոստիկաններ կան, որ իրոք Արամի նման են ու անձնվեր իրենց գործն են անում, ամեն կերպ փորձում են հանցագործություններին վերջ տալ: Ոստիկանական համակարգում շատ են այդպիսիները:
-Լավ, իսկ երբ պետավտոտեսուչները խախտումների դեպքում կանգնեցնում են Ձեզ, ճանաչո՞ւմ են, զիջո՞ւմ են:
-Շատ լավ են վերաբերվում, զիջումների էլ են գնում: Ես էլ հնարավորինս աշխատում եմ խախտումներ չանել:
-Լսել եմ, որ ֆիլմում նկարահանվող փոքրիկ աղջիկը հենց Ձեր դուստրն է:
-Դա էդպես չի, ես չունեմ աղջիկ, իմը հրաշալի մի տղա է, որը չի նկարվում: Դա ժողովրդին հատուկ բամբասանք է: Շատ բան կարող են խոսել, փորձում եմ այդ ամենին լուրջ չվերաբերվել:
-Ձեր մասին լսած վերջին բամբասանքը կասե՞ք:
-Այն, որ ես վթարի եմ ենթարկվել, շատ ծանր եմ, վերակենդանացման բաժնում պառկած եմ: Հա՛, եւ որ ղեկին էլ հարբած եմ եղել: Նախ` ես երբեք խմած ղեկին չեմ նստում, իսկ եթե խմում էլ եմ, փառք Աստծո, մեր քաղաքում այնքան տաքսի կա, որ կարող ես քո ուզած տեղը հասնել:
-Ինչպես արդեն նշեցիք, որդի ունեք, ընտանիք: Ձեր կինը նույնպե՞ս դերասանուհի է:
-Այո՛, նա խաղում էր թատրոնում, բայց հիմա, այսպես ասած, դեկրետի մեջ է, երեխա է մեծացնում: Միասին չենք նկարվել, նա ATV հեռուստաընկերությունում է աշխատել:
-Դո՞ւք էլ այն ամուսիններից եք, որոնք պնդում են, թե կինն ու ամուսինը չպետք է նույն վայրում աշխատեն:
-Թատրոնում կարելի է, բայց սերիալում` ոչ: Սերիալի գրաֆիկը շատ անհասկանալի է: Բայց մենք միասին աշխատել ենք Երեւանի փորձարարական թատրոնում, որը հիմա կոչվում է «Գոյ»:
-Հիմա այնտեղ չե՞ք աշխատում:
-Ցավում եմ, բայց ժամանակ չունեմ` չնայած շուտով նոր կոմերցիոն ներկայացման մեջ եմ լինելու, որը ոչ մի թատրոնի հետ կապ չունի: Տարուց ավել է` թատրոնում չեմ եղել, բեմը կարոտել եմ: Սերիալն ինձնից շատ ժամանակ է խլում:
-Սերիալը լճացո՞ւմ է դերասանի համար:
-Լճացում է այնքանով, որ տարուց ավել խաղում ես ընդամենը 1 կերպար: Փոփոխություն է պետք: Դերասանի համար պետք է թատրոնն առաջնահերթ լինի: Լավ կլիներ, եթե մեր դերասանները հենց թատրոնում կարողանային լավ գումար վաստակել, որ չցանկանային այդքան ծանրաբեռնվել սերիալում ու թատրոնից չկտրվեին գումարի համար: Ինձ թվում է` կգա այդ ժամանակը: Թատրոնը պետք է յուրաքանչյուր դերասանի, դա հոբբի չէ, այլ լուրջ աշխատանք:
-Իսկ ինչո՞ւ են դերասանները թողնում այդ լուրջ աշխատանքն ու գնում հեռուստատեսություն:
-Ես չեմ հասկանում նման դերասաններին, ու իմ շրջապատում իմ կոլեգաների մեծ մասն էլ կարեւորություն է տալիս հենց թատրոնին: Ես թատրոնից հրաժարվել եմ զուտ ժամանակի բացակայության պատճառով, բայց ինձ պետք էր նկարահանվել, քանի որ ուսանող տարիներին մենք կամերա տեսած չկայինք: Իսկ այսօրվա դրությամբ այդ սերիալները շատ մեծ հնարավորություն են դերասանների համար բացվելու, սովորելու, կարծես նախաշեմն են մեծ կինոյի:
-Որտե՞ղ է այդ մեծ կինոն, Հայաստանո՞ւմ:
-Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ այստեղ նկարահանած ֆիլմերն էլ դուրս կգան համաշխարհային շուկա: Ուղղակի մեր պահանջներն են շատ մեր կինոյի, մեր երկրի հանդեպ: Մենք մոռանում ենք, որ 20 տարի բաց ենք ունեցել: Երբ «Հայֆիլմ»-ը փակվեց, «Մոսֆիլմ»-ի հետ համագործակցությունն ընդհատվեց: Դրա համար սերիալները եկան այդ տեղը լրացնելու, հիմիկվա մեր ընթացքը շատ առողջ է:
-Իսկապե՞ս կարծում եք, որ սերիալները լավն են, թե՞ որ նկարահանվում եք, դրա համար եք այդպես ասում:
-Իսկապես կարծում եմ, որ դերասանների համար դրանք շատ լավ են:
-Իսկ հեռուստադիտողի՞ համար:
-Սցենարային առումով ինձ մոտ երբեմն-երբեմն բողոք է առաջանում: Սերիալարտադրության մեջ ունենք թույլ կողմ` սցենարը:
«ՈՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԼԻՆՈՒՄ, ԾԱԽՍՈՒՄ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ