Հայ սահմանապահները փշալար են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006 թ. Վրաստանի հետ սահմանի հսկողության համար հայ սահմանապահները փշալար են անցկացրել Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողերի, գյուղի արոտավայրերի միջով:

Դրա հետեւանքով արդեն 8 տարի 50 հա հող չի օգտագործվում: Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ 50 հեկտարից 5 հեկտարը դեղձավանցիներին սեփականաշնորհված վարելահող է, իսկ 45 հեկտարը՝ համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր:

Նախկինում վրաց սահմանապահների վագոն-տնակները տեղադրված էին հենց հայկական տարածքում, փշալարի կողքին: Գյուղապետի խոսքերով՝ 2012թ. վրաց սահմանապահներն իրենց վագոն-տնակներից մեկը տարածքից հանել են, իսկ մյուս-վագոն տնակը տեղակայման վայրից դեպի Վրաստան հետ են քաշել:

Սակայն փշալարը շարունակվում է ձգվել նշված տարածքով, ինչի պատճառով դեղձավանցիները հնարավորություն չունեն օգտվել այդ 50 հեկտար տարածքից:

Նշենք, որ 122 հեկտար վարելահող եւ 362 հեկտար արոտավայր ունեցող Դեղձավանի համար 50 հեկտարը մեծ կորուստ է: Մտահոգիչ է, որ հայ-վրացական սահմանազատումը տարիներ շարունակ ձգձգվում է, ինչի պատճառով Վրաստանին սահմանակից Դեղձավանի, Դեբեդավանի բնակիչներն իրենց տարածքներից օգտվելու հարցում խնդիրներ են ունենում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս