ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը, մասնակցելով ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստին, ելույթ է ունեցել` մեկնաբանելով, թե ինչու Հայաստանում մայդան տեղի չունեցավ, եւ հայ ժողովուրդը, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ: Նա առանձնացրել է 3 պատճառ: Առաջին պատճառը, ըստ նրա, պատմական է, եւ որ Հայաստանում հակառուսականություն՝ որպես երեւույթ, երբեւէ գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի: Ներկայացնում ենք Տեր-Պետրոսյանի ելույթը` մասնակի կրճատումներով:

«Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արեւմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից: Երբ 2008 թվականին Հայաստանում մայդանից ավելի հզոր բողոքի ալիք գոյություն ուներ, Արեւմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլեւ անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի եւ հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա: Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաեւ գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին` նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ՝ դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը եւ ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար: Եթե Արեւմուտքը Հայաստանի պարագայում աներ Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների առթիվ կատարած քայլերի թեկուզ մեկ տոկոսը, այն է` 2008-ի փետրվարյան շուրջօրյա ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանություններին ընդամենը զգուշացներ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա մեր երկրում այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եւ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եվրոմիությունը չէին կանգնի ներկայիս քաղաքական ֆիասկոյի առջեւ: Արեւմուտքը, ըստ այդմ, Հայաստանում հնձեց այն, ինչ ցանեց, եւ թող ուրիշ մեղավոր չփնտրի»,-ասել է նա:
Տեր-Պետրոսյանի խոսքով. «Հայ Ազգային Կոնգրեսի օրակարգը բոլորովին ուրիշ է, այն է` պայքարել ոչ թե կատարված փաստի, այլ երկիրը ներկայիս խայտառակ վիճակին հասցրած իշխանության դեմ»: Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կարող էինք առնվազն 50-հազարանոց հանրահավաք անցկացնել: «Հարց է ծագում. ինչո՞ւ չանցկացրինք: Պատասխանում եմ. որովհետեւ եթե մյուս ուժերը չմիանային, եւ դրանով նոր քաղաքական գործընթաց չսկսվեր, ապա այդ հանրահավաքը սոսկ դատարկ կրակոց կլիներ ու ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»,-ամփոփել է նա:




Լրահոս