ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել, որպեսզի հանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին ամերիկացի համանախագահը գրել է համացանցի իր էջում:
«Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր կմասնակցի Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին էլ ներկա կլինի նաև Ադրբեջանի արտգործնախարարը: