«Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՕԵԿ-ն այսօր հասարակության շրջանում վստահություն չի վայելում, ուստի ինքը թերահավատ է, որ ՕԵԿ-ին կհաջողվի էլեկտրաէներգիայի թանկացման հարցում հաջողության հասնել:
-Հաշվի առնելով Ձեր ներկայիս պասիվությունը` կարելի է եզրակացնել, որ այսքանով «Դեմ եմ»-ն իր առաքելությունը համարում է ավարտված եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը, փաստորեն, հաջողություն չունեցավ:
-Կարելի է ասել՝ հարաբերական դադարի շրջան է: ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու խնդիրը նորից կա, ու կարծում եմ, որ պրոցեսների վերսկսումը կլինի աշնանը: Հիմա մարդիկ ամառային ռեժիմի մեջ են ու մի քիչ պասիվություն կա: Որեւէ այլ բան չեմ կարող ասել:
-Այսինքն՝ «Դեմ եմ» շարժումը եւս արձակո՞ւրդ է «վերցրել»:
-Չէ, այդպես չէի ասի, ես կասեի, որ հասարակության մթնոլորտի, տրամադրվածությունների պրոյեկտումն է այդ ամենը, քանի որ հասարակությունը եւս գտնվում է ամառային դադարի, հանգստի մեջ: Մենք չենք կարող նման դեպքում ինչ-որ արհեստական բաներ ստեղծել, իրականում սա հասարակության պրոյեկտումն է:
-Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից ՀՀ-ում թանկանալու է էլեկտրաէներգիան, չե՞ք կարծում, որ հասարակությունը պատրաստ է կրկին փողոց դուրս գալ եւ պայքարել այդ թանկացման դեմ: «Դեմ եմ»-ը չի՞ ցանկանում պայքար սկսել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
-Այդ թանկացման հետ կապված՝ առանձին նախաձեռնություն կա ու էլի այնտեղ նույն մտավոր քաղաքացիներն են: «Դեմ եմ» չանվանեմ այդ նախաձեռնությունը, բայց այնտեղ նույն մտահոգ քաղաքացիներն են, ովքեր կրկին փողոց են դուրս եկել պայքարելու եւ որոնց նույն խնդիրներն են հուզում:
-Հուլիսի 18-ին ՕԵԿ-ը հանդես է գալու համազգային հանրահավաքով` կրկին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ձեր շարժումը մասնակցելո՞ւ է ՕԵԿ-ականների պայքարին:
-Ես տեղյակ չեմ, որ «Դեմ եմ»-ը որեւէ մեկին պետք է միանա: Ես կարող եմ իմ նախնական մոտեցումն ասել, որ ինքս ՕԵԿ-ին վստահելի քաղաքական ուժ չեմ համարում: Ցավում եմ, բայց ՕԵԿ-ն իր պահվածքով է վաստակել այդ իմիջը, սա իմ մոտեցումն է:
-Այսինքն՝ չե՞ք հավատում, որ հասարակությունը կարող է համախմբվել ՕԵԿ-ի շուրջ ու պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
-Եթե կարողանան ինչ-որ բան փոխել դեպի լավը, ես միայն ուրախ կլինեմ, ես ամբիցիաների հետեւից գնացող չեմ: Մենք բոլորս էլ հայ ենք ու ՀՀ քաղաքացիներ, բայց ես խիստ կասկածում եմ, որ մի քաղաքական ուժ, որը հասարակության վստահությունը չի վայելում, կարողանա ինչ-որ բան փոխել։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ