ԱԱ-2014-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՓԱԿՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում հետաքրքիր իրադարձությունների պակաս չզգացվեց: Օրինակ՝ Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան  գովեստի խոսքեր է շռայլել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին՝ ասելով. «Լիոնել Մեսսին արժանի չէր «Ոսկե գնդակ»-ին: Գերմանացիները հաղթեցին մեր պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների պատճառով: Իսկ ընդհանուր, Արգենտինայի հավաքականը ոչնչով չէր զիջում մրցակցին: Մարդիկ զբաղվում են մարկետինգով ու Մեսսիին հանձնում այն մրցանակը, որը նա նախկինում չի ստացել: Այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլիստը չի ցանկանում վերցնել մրցանակը: Կարծում եմ՝ մրցանակին ամենաարժանին Խամես Ռոդրիգեսն էր»:

Փոխարենը ցնծությաՆ մեջ էր Մարիո Գյոթսեն՝ ով եղել է Գերմանիայի հաղթական գոլի հեղինակը: Նա գրել է. «Սա անհավանական զգացողություն է, որը ես չեմ կարող նկարագրել բառերով: Ես պարզապես ընդունեցի գնդակն ու հարվածեցի՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Մեր երազանքն իրականացավ: Ես շատ եմ հպարտանում իմ թիմով եւ շատ երջանիկ եմ այն ամենի համար, ինչ կատարվեց Բրազիլիայում: Մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ արժանի է գովեստի խոսքերի: Մենք շատ հպարտ ենք, որ նվաճեցինք այս տիտղոսը»:

Իսկ ահա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի կարիերան նախանձելի ավարտ չունեցավ: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է Լուիշ Ֆելիպե Սկոլարին ազատել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականություններից: Այս առիթով Սկոլարին արդարացել է: «Հաղթեինք մենք, թե պարտվեինք, միեւնույն է՝ իմ տեղը թափուր էր մնալու: Երբ մենք սկսեցինք աշխատանքները, պայմանավորվեցինք նաեւ վերջնաժամկետի մասին, երբ պետք է ազատեի զբաղեցրած պաշտոնս: Եվ այդ վերջնաժամկետը Աշխարհի այս առաջնության ավարտն էր: Այսինքն՝ ֆեդերացիայի որոշումը համաձայնեցված էր ինձ հետ»:

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության փակման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցան երգչուհի Շակիրան ու մեքսիկացի երաժիշտ Կարլոս Սանտանան: Փակման արարողությունը տեւեց 17 րոպե:




Լրահոս