«Համբերեք մի քանի օր, կլինի Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, կքննարկվի նաեւ այդ հարցը»:
Վահրամ Բաղդասարյան Yerkir.am
ՀՀԿ խմբակցության ղեկավարն այս կերպով ուղղակի խույս տվեց այն հարցի պատասխանից, թե Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցը, թե ոչ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը մինչ ՌԴ վարչապետի հետ հանդիպումը նշել էր, որ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվելու է: Եվ հիմա Վահրամ Բաղդասարյանը փաստորեն տեղյակ չէ ամենակարեւոր իրադարձություններից: Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը լինի, այդ ժամանակ գոնե Վահրամ Բաղդասարյանը տեղյակ կլինի՞ քննարկվել է այդ հարցը, թե ոչ:
«Բայց ես պետք է ասեմ՝ մի անհանգստացեք զենքի վաճառքի մասին, կարեւորը զինամթերքն ա, ոչ թե զենքը»:
Համլետ Հարությունյան «Հրապարակ»
Փայլուն տրամաբանություն ունի ՀՀԿ-ի ծերակույտի ներկայացուցիչը: Այսինքն՝ պետք է ուրախանանք, որ մեր դաշնակիցը տանկեր է տալիս Ադրբեջանին, այլ ոչ թե Կալաշնիկովի փամփուշտ: Կամ էլ, թե ինչ տրամաբանությամբ զենք վաճառողը զինամթերք չի վաճառի: Եվ վերջին հաշվով, բիզնեսմեն պետության համար ի՞նչ տարբերություն, եթե Ադրբեջանից լինի զինամթերքի պատվեր, ինչո՞ւ չվաճառել եւ չստանալ եկամուտ: Եվ տարօրինակ է, որ այսպիսի միտք է արտահայտում իբրեւ թե փորձառու քաղաքական գործիչը, չէ՞ որ տարիքի հետ իմաստությունն ու ողջամտությունը պետք է որ ավելանար: Իսկապես որ, մեր քաղաքական դաշտը երիտասարդանալու կարիք ունի:
«Գլխավոր հրապարակում անհասկանալի մարդկանց հաստատումը, ռուսական ԱԴԾ-ի եւ պատմության անցյալում հայտնված կուսակցությունների նախագիծ-ծրագիրն է. ոստիկանությունը տվյալներ ունի Մայդանի բոլոր ներկայացուցիչների մասին»:
Արսեն Ավակով segodnia.ru
Ուկրաինայի հայկական ծագմամբ ՆԳ նախարարը մեծ հաջողությամբ կարող էր Հայաստանում եւս ծայրահեղ արեւմտամետ ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնել: Հասկանալի է, որ Ռուսաստանն իրենց հակառակորդն է, բայց այդ աստիճանի հակառուսական մոլագարությունը արդեն պաթոլոգիայի նշան է: Լրատվությունից հիշում ենք, որ Մայդանում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենն էր շրջում, ամերիկյան պաշտոնյան էր «հեղափոխականներին» թեյ բաժանում, ինչը չի հերքվել: «Հակաահաբեկչական» գործողությունների արդյունքում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած ՆԳՆ-ի ղեկավարը երեւի լուրջ խնդիրներ ունի, որ ամերկյան ԿՀՎ-ին շփոթում է ռուսական ԱԴԾ-ի հետ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ