«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումում արդեն սկսվել է կրպակների ապամոնտաժման գործընթացը: Հիշեցնենք, որ այդ տարածքը Երեւանի քաղաքապետարանն այս տարի վաճառեց «Գրեյթ Վիկտորյա» ՍՊԸ-ին: Քաղաքապետարանն ամիսներ առաջ այդ քայլը բացատրեց մայրաքաղաքի գետնանցումներում տիրող հակասանիտարական վիճակի վերացման անհրաժեշտությամբ:
Այս առիթով զրուցեցինք գետնանցումի կրպակատերերից մեկի` «Հաղարջ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Սարգսյանի հետ: Վերջինս այդ տարածքում գրքերի մի քանի խանութներ ունի: «Անցյալ տարի էին ուզում քանդել, բայց ընդառաջեցին մեզ եւ թողեցին, որ աշխատենք: Հիմա արդեն քանդում են` ասելով, թե 10 միլիոն դոլարի ներդրում պետք է անեն` վերանորոգելու համար»,-տեղեկացրեց վաճառականը` ավելացնելով, որ մարդիկ սկզբում բողոքել են, բայց հետո հասկացել, որ ճիշտը դա է. «Աղմուկ բարձրացնելու հարց չի: Հորս գերեզման, վատ բան չկա»:
Իհարկե, վաճառականները դժգոհ են իրավիճակից: «Լավ չի, տհաճ է, բայց ի՞նչ անես, որ մարդիկ ուզում են սիրունացնեն, պտի դիմանաս»,-ասաց «Հաղարջ» ՍՊԸ-ի տնօրենը: Նրա տեղեկացմամբ` ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսն էլ են այցելել իրենց` օգնելու նպատակով: Բայց երբ տեսել են իրավիճակը, հասկացել են, որ անիմաստ է աղմկելը:
Տեղում պարզեցինք, որ վաճառականներին սեփականատիրոջ ներկայացուցիչները վստահեցրել են, որ դեռ մեկ շաբաթ էլ կարող են աշխատել, որից հետո գործազուրկ կմնան. վերանորոգման աշխատանքները կտեւեն 2-3 տարի: Նրանց համար նախատեսված է նաեւ փոխհատուցում` 1 քառակուսի մետրի դիմաց 140.000 դրամի չափով: Իսկ երբ բարեկարգումն ավարտվի, կրպակատերերին հնարավորություն կտրվի գետնանցումում շարունակել իրենց բիզնեսը:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանի հետ, ով բացատրեց. «Մարդը ներդրումներ է կատարում եւ խոստացել է, որ այդ հատվածը կդառնա բավականին բարեկարգ: Բնականաբար, դրա հետ զուգահեռ` տվյալ գետնանցման սանիտարական մաքրություն կիրականացնի: Որեւէ դժգոհություն մենք այս պահին քաղաքացիներից չունենք»:
Իսկ «Գրեյթ Վիկտորյա» ՍՊԸ-ի հետ մեզ չստացվեց կապ հաստատել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ընկերության սեփականատերն է Կարեն Բաղդասարովը, որին վաճառականները չեն ճանաչում: Միայն լսել են նրա ներկայացուցչի խոստումները, թե մոտ ապագայում մայրաքաղաքի գոնե այդ գետնանցումը չի բուրի:
ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐՆ ԷԼ ՉԵ՞Ն ԲՈՒՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ