«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԿՈՊԵԿՆԵՐՈՎ ՆԿԱՐՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անընդհատ խոսվում է այն մասին, որ դերասանները թատրոնից գնում են սերիալ, բայց կան դերասաններ, որ նաեւ հակառակն են անում, ավելին, հրաժարվում են սերիալում նկարահանվելուց: Նրանցից մեկն էլ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է («Որոգայթ» հեռուստասերիալում` Գոռ, «Ժառանգներ»-ում` Վահան, «Լիալուսին»-ում` Ատոմ):
Ծնվել է 1979թ. Երեւանում: Սովորել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում: Այնուհետեւ ծառայել է Հայաստանի զինված ուժերում: 1999թ. 1 տարի սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում: 2001թ. ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Էլբակյանի դասարան: Ուսանողական տարիներից աշխատել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնում որպես դերասան: Զուգահեռ համագործակցել է նաեւ  «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ: Խաղացել է բազմաթիվ մանկական ներկայացումներում:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ վարել է առավոտյան ծրագիր, համագործակցում է նաեւ տարբեր ֆիլմարտադրող ընկերությունների հետ:
Տարբեր միջոցառումներում` փարթիներ, հարսանեկան հանդիսություններ, կորպորատիվ միջոցառումներ, հանդես է գալիս որպես հանդիսավար: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
-Ինչո՞ւ հիմա ոչ մի սերիալում չեք նկարահանվում:
-Ես դերասան եմ եւ ուզում եմ, մասնագիտությունս հարգելով, նորմալ վճարվել, բայց հիմա չդերասաններն այնքան շատ են ու կոպեկներով էլ նկարվում են, որ, ցավոք սրտի, դերասաններին փող տվող չկա: Ես չեմ ուզում կոպեկներով նկարվել:
-Որոշակի հոնորար եք պահանջում, չե՞ն տալիս:
-Ոչ թե չեն տալիս, կտան, ուղղակի չդերասանների առկայությունն անորակության է բերում: Երեւի հեռուստաալիքներին դա ձեռք է տալիս, որ կոպեկներով բերեն, ասենք, Պոլիտեխնիկի ուսանողի կամ 4-րդ դասարանի կրթություն ունեցող մի տհասի ու նկարեն: Ես 7 տարի սովորել եմ դրա համար ու հարգում եմ իմ մասնագիտությունը: Վիրավորվում եմ այդ հանգամանքից, ամեն մի տհասի հետ ես չեմ խաղա հավասար պայմաններում: Հիմա ես ոչ մի սերիալում չկամ ու ասեմ ձեզ` դժգոհ չեմ, նույնիսկ գոհ եմ: Հիմա Նարեկ Դուրյանի մոտ Ցեղասպանության մասին ներկայացման մեջ եմ զբաղված, Թալեաթ եմ խաղում ու դրանից մեծ բավականություն եմ ստանում: Նման բաների համար պատրաստ եմ ցածր գնով խաղալ, որովհետեւ դա արվեստին մոտ է: Արդեն ավելի լուրջ եմ մտածում թատրոնում լինելու մասին: Հիմա եկել եմ այն կարծիքին, որ ուզում եմ զբաղվել նրանով, ինչի համար ընդունվել եմ ինստիտուտ, դա ինձ համար շատ կարեւոր է:
-Իսկ եթե Ձեզ մեծ հոնորար առաջարկեն, չե՞ք համաձայնի սերիալում նկարահանվել, թե՞ դա արդեն Ձեզ համար փակված էջ է:
-Չեմ ասում` սերիալը վատ բան է, վատ կինոն էլ է կինո: Եթե ինձ առաջարկ լինի, ես շատ լուրջ այն կնայեմ, կպարզեմ` ինչ եմ խաղալու, այդ կերպարը ով է լինելու,  ամենակարեւոր հարցը` ինչպես է վերջանալու: Դրանից հետո ես կիմանամ` խաղամ, թե չէ: Բայց արդեն կլինի բավականին նորմալ գին, որից ներքեւ ես չեմ իջնի, դա արդեն սկզբունքի հարց է: Երբ ասում եմ` իմ գինը, խոսքս փողի մասին չէ, այլ իմ ներքին արժեքի, որը հաստատ չեմ գցի:
-Այսքան ասում եք` իմ գինը, որքա՞ն է այն:
-Դա շատ անձնական բան է, չի կարելի էդպիսի հարցերին պատասխանել: Բայց ես կասեմ մի թիվ, որ մարդկանց մտածելու տեղիք կտա: Չեմ ասում աստղաբաշխական, Հայաստանի համար այն նույնիսկ բավականին քիչ է:     
-Ասում եք` չեք նեղվում, որ հիմա չեք նկարվում, բայց սերիալները եկամուտ են ապահովում դերասանների համար:
-Աշխատող մարդն ամեն ինչից էլ փող կսարքի: Ես կարողանում եմ փող վաստակել առանց սերիալում նկարվելու, իմ ընտանիքն ինձնից գոհ է:
Կինո չկա, որ նկարահանվենք: Կա Հրաչ Քեշիշյան, ով ունի Խորեն Լեւոնյան ու Նազենի Հովհաննիսյան, իրենց է նկարում: Հիմա ես չունեմ իմ ռեժիսորը: Մի ռեժիսոր 3 դերասան է վերցնում ու դրանով բռնաբարում ամբողջ ժողովրդին:
-Ի դեպ, կա նաեւ այդ երեւույթի հակառակ կողմը. հեռուստաընկերություններն իրենց մոտ նկարահանվող դերասաններին թույլ չեն տալիս այլ ալիքներում էլ երեւալ:
-Այո՛, դա իրենց կռիվն է` չհասկանալով, որ դերասանը ոչ մեկի սեփականությունը չէ, առհասարակ մարդը ոչ մեկի սեփականությունը չէ: Այսօր այստեղ է, վաղն` էնտեղ: Դերասանի մասնագիտությունը հենց դա է, ամեն օր մեկի մոտ կարող է նկարվել, ոչ թե միշտ նույն մարդկանց ու ռեժիսորի հետ: Ես դրան դեմ եմ: Կուզենամ նաեւ, որ հեռուստաընկերությունները դա հասկանան:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս