«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված այս զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: Վերջինս ԱՄՆ պետաքարտուղարությանն ուղարկած այս փաստաթղթում պատմում է Սերժ Սարգսյանի մասին: Ամերիկացի դիվանագետը ներկայացնում է այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ էր Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներին` 2007թ. հոկտեմբերի 17-23-ը Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցելությանը նախապատրաստվելու համար:
Դիվանագետի կիրառած ձեւակերպումներից ու ոճից ակնհայտ է, որ նշյալ ժամանակահատվածում ամերիկացիները Սարգսյանին արդեն իսկ ընդունում էին որպես հաջորդ նախագահ: Ավելին, ամերիկյան դիվանագետների համոզմամբ՝ Սարգսյանը գնալու էր ժողովրդավարության ճանապարհով: Հեղինակը չի թաքցնում Սերժ Սարգսյանի հանդեպ ամերիկյան համակրանքը, ով պետք է լուծեր Հայաստանի առջեւ կանգնած բարդ խնդիրները:
Ռ. Փերինան նախ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը հարուստ գիտելիքներ է ձեռք բերել ուժային կառույցներում աշխատելով եւ արդեն ժամանակն է, որ ցուցաբերի աշխարհիկ առաջնորդին վայել կեցվածք: Ամերիկացին նկատում է, որ Սարգսյանը կաղում է տնտեսական ու սոցիալական քաղաքականության հիմնահարցերում, սակայն պատրաստակամ է կրելու նոր պատմուճանը: Հատկանշական է, որ դիվանագետը թերահավատությամբ է մոտենում տարբեր դիտորդների գնահատականներին, ովքեր ենթադրել են, որ Սարգսյանն ուղղակիորեն կրկնօրինակելու է ռուս նախնիներին՝ չգնալով իրական բարեփոխումների ճանապարհով:
Փերինան համամիտ չէ եւ հավատացած է, որ իր «ռեֆորմային մտածողությամբ» Սարգսյանն ավելի հեռատես է, քան Քոչարյանը: Հետաքրքիր է, արդյոք ամերիկացիներն արդեն հասկացե՞լ են, որ 6 տարվա կառավարման ընթացքում Սարգսյանից այդպես էլ բարեփոխիչ դուրս չեկավ, թե՞ իրենք ի սկզբանե այդպես էլ գիտեին ու առանձնապես չէին էլ կամենում Հայաստանը ժողովրդավար ու ազատ երկիր տեսնել:
Ամերիկացու կարծիքով՝ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների միջնահատվածը Սարգսյանի համար լավ ուսումնական շրջան է եղել, «ով օգտագործում էր վարչապետությունը սովորելու համար կառավարության քաղաքացիական կողմը»: Դիվանագետն արձանագրում է ամերիկյան կողմի գոհունակությունը Սերժ Սարգսյանից՝ նկատի ունենալով նրա խիստ դրական վերաբերմունքը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Փերինան տողերի հեղինակման պահին հավանաբար չէր էլ կասկածում, որ ՙուշիմ՚ աշակերտ Սարգսյանը երկու տարի անց յուրատեսակ քամահրանքով էր արտահայտվելու նույն ՀՄ ծրագրի վերաբերյալ:
Այսուհանդերձ, ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարը տեղեկացնում է, որ Սարգսյանը Հայաստանում մեծ ժողովրդականություն չունի, ավելին՝ իրական քաղաքական գործիչ չէ: Փերինայի կարծիքով՝ բազում ընտրողների մոտ Սերժ Սարգսյանը թողնում է «անգույնի տպավորություն»: Հայկական քաղաքական ու տնտեսական էլիտաների շրջանում Սարգսյանի ընդունված լինելը դիվանագետը բացատրում է ոչ թե նրա հանդեպ անձնական հավատարմության, այլ սեփական հետաքրքրությունների բավարարման շարժառիթներով:
Դիվանագետը հավելում է, որ խիստ կարեւոր կլինի ԵԱՀԿ դիտորդների գնահատականը 2008թ. նախագահական ընտրություններում, ինչը կարող է ամրապնդել Սերժ Սարգսյանի հաղթանակն ու լեգիտիմությունը: Մի՞թե այստեղ չէ թաքնված այն կիսաճշմարտությունը, որ միջազգային հանրությունը հայաստանյան խայտառակ ընտրությունները մշտապես գնահատում է մեկ քայլ առաջ՝ նպատակ ունենալով գոնե մեկ կաթիլ ավելացնել իշխանության՝ չեղած լեգիտիմության գավաթի մեջ:
Կարելի է եզրակացնել, որ դիտորդական խմբերի իրական առաքելությունը ոչ թե ընտրական գործընթացի բարելավումն է, այլ սեփական քաղաքական շահերի բավարարումը: Հետաքրքիր է, որ դիտորդական խմբերի հանդեպ իշխանությունների հարուցած խոչընդոտների հարցում այս դիվանագետը մեղադրում է Քոչարյանին ու պաշտպանում Սարգսյանին՝ նկատելով, որ վերջինս ՙկհասկանա իր շահը դիտորդների դրական գնահատականից»:
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում հիմնական խոչընդոտ համարվող Իրանին՝ Փերինան հավելում է, որ իրենք Հայաստանի իշխանությունների առաջ մշտապես բարձրացրել են այդ խնդիրը՝ շեշտելով, որ եթե Հայաստանն Իրանին օգնի երրորդ երկիր գազ արտահանելու հարցում, ապա կարող է ընկնել ԱՄՆ կողմից իրականացվող սանկիցիաների տակ:
Դիվանագետն ավելացնում է, որ Իրանի՝ միջուկային զենքի հետ կապված խնդիրների ֆոնին վերը նշված համագործակցությունը չի կարող լինել լոկ բիզնես ոլոտում: Բավականին ուշագրավ այս ձեւակերպումը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանից գազ ներմուծելու ու արտահանելու հարցում մեզ խանգարում են ոչ միայն ռուսները, այլեւ ամերիկացիները:
Փաստաթղթի ավարտին Փերինան պարզապես խոսքեր չի խնայում փառաբանելու Սերժ Սարգսյանին՝ նրան ներկայացնելով քչախոս ու խելացի գործիչ՝ որպես էմոցիոնալ ու շատախոս Քոչարյանի հակապատկեր: Ամերիկացու տպավորությամբ՝ Սարգսյանը փորձում է խուսափել առճակատումներից, դատում է սառը գլխով, ռացիոնալ է ու մեթոդիկ որոշումներ կայացնող: Դիվանագետի համոզմամբ՝ նա կարող է պատշաճորեն ներկայացնել Հայաստանի շահերը: Այս կապակցությամբ նկատենք, որ Սարգսյանի 6-ամյա կառավարումը ցույց տվեց, որ այս գործիչը հստակորեն զանազանում է սեփական ու պետական շահերը՝ մշտապես գերադասելով առաջինը:
Արդ, ելնելով այն իրողությունից, որ Սարգսյանի անձնական շահերը գրեթե միշտ համընկել են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հետ՝ կարող ենք եզրակացնել, որ Փերինան իր վերջին դիտարկման մեջ թերի ճշմարտություն է ներկայացրել: Այն է՝ Սարգսյանն ի վիճակի է պատշաճորեն ներկայացնել ոչ թե Հայաստանի շահերը աշխարհում, այլ օտարների շահերը Հայաստանում:
Նժդեհ Հովսեփյան