ԻՆՉՊԵՍ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԺՈՒՄ «ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի բացահայտած փաստաթղթերի շարքում է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եւ Սերժ Սարգսյանի՝ 2009թ. ապրիլի 15-ին կայացած հանդիպման մասին զեկուցագիրը: Այն հեղինակել է դեսպան Յովանովիչը: Փաստաթղթի շրջանակներում ներկայացված են զրույցի ընթացքում քննարկված հիմնախնդիրները՝ երկրի ներքաղաքական դրությունը, մասնավորապես քաղաքական բանտարկյալների հարցը: Զեկուցագրում տեղ են գտել ոչ միայն Սերժ Սարգսյանի ուշագրավ մտքերը, այլեւ Յովանովիչի՝ դրանց հետ կապված մեկնաբանությունները:

Խոսելով Հայաստանի ժողովրդավարական խնդիրներից՝ դեսպանը նախ հիշատակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնի ուղերձը Սերժ Սարգսյանին, որով պետքարտուղարը կոչ էր արել «առաջընթաց ապահովող գործողություններ իրականացնել մարտի 1-ի արդյունքում ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ»: Նկատենք, որ Ս. Սարգսյանն առանց կաշկանդվելու բացառել է դատական գործընթացի արդյունքում ձերբակալվածների ազատ արձակումը. «Եթե ես կարողանայի մի բան անել, կանեի, իսկ դատական գործընթացը կարող էր արդեն ավարտված լինել, եթե մեղադրյալները համագործակցեին մեզ հետ»: Հիշեցնենք, որ դատական նիստերը քանիցս հետաձգվում էին հատկապես այն պատճառով, որ քաղբանտարկյալները հաճախ չէին ենթարկվում դատավորների պահանջներին:
Քննարկելով դատական նիստերի ընթացքը՝ Յովանովիչը նկատել է, որ «դրանցից որոշներն այն տպավորությունն են թողնում, թե ենթադրում են քաղաքական շահագրգռություններ»: Նախկին դեսպանը հանդիմանելով նկատել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մարտի 1-ի ողբերգության մեջ միայն մի կողմն է մեղավոր, եւ հենց նա էլ պիտի պատժվի՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած այն հայտարարությունների, թե բոլոր կողմերն էլ մեղավոր են ողբերգության համար: Ս. Սարգսյանը հակաճառել է, թե ոստիկանության պետը, նրա տեղակալը եւ ոստիկանության մի շարք այլ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, իսկ դատախազության աշխատակիցներն էլ դեռ հետաքննում են 10 զոհերի սպանությունները: Նախկին դեսպանն այստեղ թողել է ուշագրավ մեկնաբանություն, որով կարծես կասկածի տակ է դնում Սարգսյանի խոսքը: «Թեպետ որոշ իրավապահներ իսկապես աշխատանքից ազատվել են հետընտրական բռնարարքներին հաջորդող ամիսներին, սակայն այդ պաշտոնանկությունները երբեւէ չեն շաղկապվել նույն պաշտոնյաների՝ մարտի 1-ի դեպքերում ունեցած դերակատարության հետ»,-նկատել է դեսպանը: Հիշեցնենք, որ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին աշխատանքից ազատեցին՝ նշանակելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում: Եթե Ս. Սարգսյանը համարում է, որ այդ քայլով պատժել է Հ. Հարությունյանին մարտի 1-ի ողբերգության մեջ մեղավոր լինելու համար, ապա դա, մեղմ ասած, տարակուսելի պատիժ է: Հաշվի առնելով այն, որ ընդդիմադիր «մեղավորները» գտնվում էին բանտերում, իսկ «իշխանական» մեղավորներն ընդամենը աշխատասենյակից աշխատասենյակ էին տեղափոխվում, վստահաբար կարելի է արձանագրել, որ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունները ոչ միայն անկեղծ չէին, այլեւ մոլորեցնող նպատակ էին հետապնդում:
Դիվանագիտական արարողակարգը պահպանելով` Յովանովիչն ընդգծել է, որ քաղբանտարկյալների խնդիրն իրենց համար բարդ հարց է, քանզի այն վերաբերում է հայկական արդարադատության համակարգին, եւ իրենք կարող են բոլոր փաստերին չտիրապետել, բայց որոշ գործերում ակնհայտորեն տեսնում են, որ մարդիկ դատապարտվում են միայն ընդդիմության հետ ունեցած կապերի համար: Սարգսյանը շտապել է հակադարձել. «Կարո՞ղ եք պատկերացնել, որ դատարանն արդարացման վճիռ կայացնի այն բանից հետո, ինչ այդ մարդիկ բերել են այս երկրին»: Հետաքրքիր է, մի՞թե «այդ մարդկանց» մեծամասնության ջանքերով չէր ձեռք բերվել Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, եւ նրանց գործուն մասնակցությամբ չէր ազատագրվել նույն Սերժ Սարգսյանի երբեմնի հայրենիքը: Ի վերջո, մի՞թե Սերժ Սարգսյանն էր որոշելու՝ դատարանն արդարացմա՞ն, թե՞ մեղադրական վճիռ պետք է կայացնի: Վիկիլիքսյան հրապարակումներից սա հավանաբար ամենափայլուն օրինակն է, որն ապացուցում է հայկական դատարանների կամակատարության ու վճիռների մեծ մասի՝ նախագահական աշխատասենյակում գրվելու փաստը:
Սարգսյանը հավելել է նաեւ, որ դատական գործընթացի ավարտից հետո ձերբակալվածներն ազատ կարձակվեն եւ «կարող են դիմել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ապացուցելու, որ մեր դատական համակարգը կոռումպացված է»: Հետաքրքիր է, բայց նույն պատկերացումներով առաջնորդվելու պարագայում ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանն «այդ մարդկանց» ազատ արձակել, եթե այդքան վնաս են տվել «այս երկրին»: Ինչեւէ, շարունակելով պնդել իրենը՝ վերջինս հայտարարել է, որ «արդարադատական համակարգն իդեալական չէ, դատարաններն էլ չեն կարող 100% ճիշտ լինել, բայց բոլոր դեպքերում պետք է դատավճիռ լինի, որ ես ներեմ նրանց»: Արդ, դժվար չէ կռահել, որ իշխանություններն իրենց համար գերխնդիր էին դարձրել ընդդիմադիր գործիչներին դատարաններով մեղադրական վճիռների արժանացնել, որ գոնե ներհայկական, թեկուզ կոռումպացված արդարադատությամբ մարտի 1-ը բարդեին ընդդիմության վրա:

 

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս