ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԽԱԲՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիոն կուսակցությունների համամասնական ցուցակներն ուսումնասիրելիս ուշագրավ պատկեր է պարզվում. իշխանական կուսակցություններում քիչ չեն խաբված կամ չգնահատված անձինք:
ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակը կազմել է` մասերի բաժանելով: Առաջինում ընդգրկված են ՀՀԿ «կարկառուն» ներկայացուցիչներն ու այլ կուսակցությունների ղեկավարները` Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան եւ այլք: 43-րդ համարից մինչեւ 102-րդը զբաղեցնում են նախարարները, մարզպետերը, թաղապետերը, քաղաքապետերը, եւ միայն 102-րդ համարից են ներկայացված ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Ակնհայտ է` Սերժ Սարգսյանը, գործադիր եւ ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները հրաժարվելու են պատգամավորական մանդատից: Սակայն, որքան էլ ՀՀԿ ցուցակի մի մասը՝ մոտ 60-70 հոգի, հրաժարվի, միեւնույն է, ՀՀԿ պատգամավորական խմբակցության մեծ մասը դուրս կմնա: Ի վերջո, ՀՀԿ-ն դեռ պետք է 30 տոկոս ձայն հավաքի, որ գոնե 102-րդ տեղը զբաղեցնող Արտակ Զաքարյանին կամ նրան հաջորդող Արմեն Մխիթարյանին դարձնի պատգամավոր: Բայց դատելով իշխանությունների՝ այս տարիներին գրանցած հետեւողական ձախողումներից, դրա արդյունքում ՀՀԿ հանդեպ հասարակության վերաբերմունքից` 30 տոկոս հավաքելն այդ կուսակցության համար կլինի գերխնդիր: Այնպես որ, ՀՀԿ-ական պատգամավորներ Վոլոդյա Բադալյանը, Մկրտիչ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, Վազգեն Կարախանյանը, Ռաֆիկ Պետրոսյանն ու այլոք կարող են եւ պատգամավոր չդառնալ: Հասկանալի է՝ նման ձեւով ցուցակը կազմելով ու պատգամավորներին այսպես կոչված երկրորդ հատվածում ընդգրկելով` Սերժ Սարգսյանը նման կերպ ստիպում է նրանց առավելագույնս անել ամեն ինչ՝ պատգամավոր դառնալու համար: Նշենք, որ այժմ ՀՀԿ խմբակցությունն ունի 63 պատգամավոր, եւս երեք անկախ պատգամավորներ էլ վերջերս անդամագրվեցին ՀՀԿ-ին:
ԲՀԿ ցուցակը եւս չի փայլում իր արդարամտությամբ: Այստեղ, օրինակ, չկա ԱԺ պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի անունը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը կամ Արշակ Մխիթարյանը հայտնվել են երրորդ տասնյակի մեջ: Հրանտ Մադաթյանին ԲՀԿ ցուցակում հատկացվել է 32-րդ, Արագած Ախոյանին՝ 35-րդ, Տիգրան Ստեփանյանին՝ 37-րդ, Մխիթար Հարությունյանին՝ 39-րդ, իսկ Վահագն Մախսուդյանին՝ 57-րդ տեղը: Փոխարենը առաջին քսան տեղերում գրված են Թամարա Պողոսյանի, Վահան Բաբայանի ու Տիգրան Ուրիխանյանի անունները, որոնք ԲՀԿ շարքերն են համալրել հաստատ ոչ գաղափարական հենքի վրա, իսկ նրանց կուսակցական ճամփորդություններին ու դեգերումներին մամուլը ժամանակին անդրադարձել է: Սա, իհարկե, չի կարող գոնե ներքին կարգով համապատասխան վերաբերմունքի չարժանանալ այդ կուսակցության ներսում: Ու որքան էլ ԲՀԿ-ում վստահեցնեն՝ ցուցակում ընդգրկվածների մի մասը, այնուամենայնիվ, հրաժարվելու է մանդատից, միեւնույն է, 30-յակի մեջ ընդգրկվածներին խորհրդարանում հայտնվելու պակաս դժվարություններ չեն սպասվում: Իշխանության ներքին սոցհարցումներով ԲՀԿ-ն այսօր ավելի մեծ ընտրազանգված ունի, քան ՀՀԿ-ն: Բայց քանի որ ՀՀԿ-ն տիրապետում է նաեւ ուժային լծակների, առաջիկայում անելու է ամեն ինչ՝ կոալիցիոն ընկերոջ ձայները նվազեցնելու համար: Ի դեպ, այժմ ԲՀԿ-ն ունի 26 պատգամավոր, չորս անկախ պատգամավոր էլ թեեւ խմբակցության անդամ չեն, սակայն անդամագրվել են կուսակցությանն ու գործում են ԲՀԿ խմբակցության որոշումներով:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այստեղ իրավիճակն առավել քան ակներեւ է. այս կուսակցությունը նախ պետք է հաղթահարի նվազագույն՝ 5 տոկոսի խնդիրը, իսկ դա նշանակում է, որ եթե Սերժ Սարգսյանը նրանց կրկին կոալիցիայի կազմում ընդգրկվելու հնարավորություն տա, ապա ՕԵԿ ցուցակից 5-6 հոգի կարող են պատգամավոր դառնալ: Մինչդեռ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մարզպետունի Մանուկյանը համամասնական ցուցակում զբաղեցնում է 14-րդ տեղը: Իսկ Հովհաննես Մարգարյանը, ով ամիսներ առաջ ճանապարհների փակ լինելու հետեւանքով (պատճառը ձյունն էր) գնացքով էր հասել Երեւան՝ լրագրողներին հավատացնելու, թե ինքը նեղացած չէ ՕԵԿ ղեկավարից՝ իրեն ցուցակում անբարենպաստ տեղում ընդգրկելու համար, այժմ 12-րդ համարն է: Ու որքան էլ ՕԵԿ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվածները հրաժարվեն մանդատներից, Հովհաննես Մարգարյանի՝ հաջորդ ԱԺ-ում հայտնվելու շանսերը բավական քիչ են: Ի դեպ, ՕԵԿ համամասնական ցուցակում բավական հետաքրքիր պատկեր է գրանցվել. այնտեղ ընդգրկվածների զգալի մեծամասնությունը գյուղատնտեսության, տրանսպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարության կամ «Հայասի» գործարանի աշխատակիցներ են: Ինչպես հայտնի է, նշված նախարարությունները ղեկավարում են ՕԵԿ-ականները, իսկ «Հայասի»-ն Արթուր Բաղդասարյանի գործարանն է:
Եւս մեկ ուշագրավ փաստ. կոալիցիայի անդամ կուսակցությունները խորհրդարանում ներկայիս պատկերը ստացան իրենց համար նպաստավոր քաղաքական իրավիճակում. ընդդիմադիր կուսակցությունները 2007թ. ընտրություններին մասնակցում էին առանձին-առանձին: Մինչդեռ հիմա իրավիճակն այլ է. ընդդիմությունն ընտրություններին մասնակցում է միասնական ճակատով՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքով, ինչը նշանակում է՝ հարաբերակցությունն էականորեն փոխվելու է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս