Մեծ Պահքի 41-րդ օրը` այսօր, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում նշվում է Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Իսկ ապրիլի 1-ին՝ Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. “Օրհնությո՜ւն, Դավթի որդուն” (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. ,Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներումե (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:Qahana.am կայքի փոխանցմամբ, Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող: Մայր Աթոռի տեղեկացմամբ, Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մանուկների օրհնություն տեղի կունենա նաև ժամը 10.00-ին: Մայր Աթոռում Ս. Պատարագից հետո մանուկների համար կանցկացվի կավճանկարի մրցույթ:
Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցում նշվելու է Ծաղկազարդը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ