«ԿԱՆԱՅՔ ՀՈԳՆՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույցի այս հատվածում կիմանաք, թե ՔՐԻՍՏԻՆԵՆ ինչ երազանք ունի, եւ նրա կարծիքով` որն է կնոջ առաքելությունն այս կյանքում:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Ձեր կոլեգաներից մի քանիսն ԱԺ-ում հայտնվելու ցանկություն են հայտնել:
-Ես դրա մեջ արտառոց որեւէ բան չեմ տեսնում: Ինքս շատ չեմ ապրում քաղաքականությամբ, դա իմ ոլորտը չէ, շատ չեմ տիրապետում, բայց վստահ եմ, եթե նայենք հարեւան երկրների կառավարության կազմին, կլինեն երգիչներ, դերասաններ: Այլ հարց է, թե որքանով է մարդն իրեն տեսնում այդ դերում: Եթե իմ գործընկերներն ունեն այդպիսի նպատակներ, ես իրենց հաջողություն եմ մաղթում: Ես ինձ չեմ տեսնում քաղաքական միջավայրում: Չեմ ուզում անել մի բան, ինչը չեմ կարող: Հնարավոր է, մեկ այլ  ոլորտում ես կարողանամ ինձ լավ դրսեւորել:
-Հնարավո՞ր է, մի օր էլ Դուք որոշեք ստեղծել Ձեր բիզնեսը:
-Չգիտեմ, դա բիզնես կդիտվի, թե նպատակ, բայց ես ունեմ ինձ համար կարեւոր մի երազանք` շատ եմ ուզում մանկապարտեզ ունենալ: Ինձ թվում է` դա այն միջավայրն է, որտեղ ես ինձ լավ կզգամ:
-Ըստ Ձեզ, չունենալով կողմնակի բիզնես` հնարավո՞ր է միայն երգարվեստով ապրել:
-Միշտ ասել եմ որ սա այն աշխատանքն է, ինչը ես շատ եմ սիրում: Այս աշխատանքն է, որ ինձ կերակրել ու պահել է տարիներ: Երգելով հնարավոր է փող աշխատել` համերգներ, հյուրախաղեր: Իմ աշխատանքի շնորհիվ շատ եմ ճամփորդել, երգել եմ բազմաթիվ երկրներում, փորձում եմ լավ ծառայել աշխատանքիս, ինքն էլ ինձ պատասխանը տալիս է:
-Մի հարց էլ կա, որի շուրջ բավականին թեժ քննարկումներ եղան, բայց վերջում եղավ անիմաստ  հանգուցալուծում: Խոսքս «Եվրատեսիլ»-ի մասին է, երբ մեր գնալ- չգնալը դարձել էր Հայոց հարց: Հետեւո՞ւմ էիք այդ իրադարձություններին:
-Մասամբ: Գուցե սխալ եմ արտահայտվում, բայց այդ քննարկումների իմաստը չհասկացա:  Պարզ օրինակ կար մեր աչքի առաջ, երբ «Եվրատեսիլ»-ն անցկացվեց Ռուսաստանում, Վրաստանը չգնաց եւ դա արեց առանց երկար-բարակ քննարկումների:
-Ձեզ երբեք չենք տեսել որեւէ մրցույթի մասնակցելիս, ինչո՞ւ:
-Չեմ ունեցել այդպիսի նպատակներ, չեմ էլ կարծում, որ դրանով շատ կարեւոր բան եմ անելու իմ կյանքում: Արտիստների մեջ կա մրցութային երգիչ ու ոչ մրցութային: Ես չեմ եղել այդ վիճակների մեջ ու չեմ էլ ափսոսում դրա համար:
-Նոր սերնդի մեջ կա՞ն խոստումնալից երիտասարդներ:
-Կան արտիստներ, որոնց հավանում եմ: Ուզում եմ, որ սկսնակները նախքան երգելը հասկանան` ինչ ասելիք ունեն, նոր որոշեն երգել: Շահգելդյան Սոնային շատ եմ հավանում որպես տեսակ, ինքը շատ շնորհալի աղջիկ է: Չեմ ուզում հատուկ անուններ տալ, առանձնացնել: Մեծ մասին, իհարկե, չեմ էլ ճանաչում:
-Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները կոլեգաների հետ, կարելի՞ է դրանք ընկերական համարել:
-Ավելի շատ գործընկերներ ենք, հիմնականում աշխատանքն է մեզ կապում: Քիչ մարդիկ կան, ում հետ ես մտերիմ եմ աշխատանքից դուրս: Ոլորտի հետ կապ չունի, մարդու տեսակ է: Ունեի ընկերներ, որոնք երգի հետ կապ չունեն, բայց ուրախ չէին, որ ես ճանաչված դարձա: Իմ բնագավառից ընկերներ էլ կան, որ հաջողություններս տեսնելով` զանգում, շնորհավորում են՝ Արման Հովհաննիսյանը, Հայկոն… Հավատում եմ, որ կյանքում կան լավ հարաբերություններ:
-Հարցազրույցներում նշել եք, որ Ձեր լավագույն ընկերը Ձեր մայրիկն է:
-Շատ, կարող եմ ասել, որ ընկերություն ենք անում, միասին շատ ենք ճամփորդել: Ունեմ նաեւ երկար տարիների իմ ընկերոջը` Անահիտին, ով սկզբում միայն մենեջերս էր, հետո դարձանք լավ ընկերներ: Այնքան մարդիկ են գնում մեր կյանքից, ու գնացող ընկերներին պետք չէ մեղադրել: Մենք չե՞նք գնում, մենք էլ ենք գնացել: Մեղադրելուց առաջ մի՛շտ մտածիր` արդյո՞ք չի եղել այդ տեսակ բան քեզ հետ: Ես երբեք իմ սխալները չեմ արդարացնում: Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում մարդու արժեքային համակարգում:
-Ի՞նչն է Ձեզ այսօր պակասում ամենից շատ:
-Վստահությունը:
-Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:
-Երեւի չկա ավելի վիրավորական վիճակ կնոջ համար, քան երբ ինքն իրեն ուժեղ է զգում: Ուժեղ կինը լավ բան չէ, նա ստեղծված չէ ուժեղ լինելու համար: Կինն ուրիշ միսիաներ ունի այս կյանքում, ուժեղ մարդու կարիք ունի իր մեջքին:
Եղել է շրջան, երբ ես ինձ շատ ուժեղ եմ կարծել, շատ ավելի ուժեղ եմ եղել, քան երբեւէ կարծել եմ, բայց դա ինձ չի ուրախացրել, որովհետեւ ես ավելի ուրախ կլինեի, եթե այդքան ուժեղ չլինեի: Բոլոր կանայք են հոգնում ուժեղ լինելուց: Չգիտեմ մի կնոջ, ով հոգնած չլինի իր այդ դերից: Ուժեղ տղամարդ պետք է լինի կնոջ կողքին: Իսկ եթե կինն ուժեղ է, նշանակում է` նրա կողքին չկա այդ տղամարդը:
-Ո՞րն է կնոջ առաքելությունը:
-Երեւի այս կյանքում կինն ամենամեծ առաքելությունն ունի: Կնոջ առաքելությունն իր ճիշտ քայլերն են, ընտանիքն ամուր պահելը, դրական լիցքեր տալը, երեխաներին ճիշտ ուղղությամբ տանելը, օրինակ` իր ընտանիքի համար լինելը, իր ամուսնուն բարձրացնելը: Կինը կարող է ամենաանհավանական բաներն անել, որ երբեք ոչ ոք չէր մտածի: Կանայք եզակի երեւույթներ են, ու միայն կինը կարող է բոլոր դժվարությունների միջով անցնելուց հետո կրկին ուժ գտնել իր մեջ գեղեցիկ լինելու, ուրախ ցույց տալու իրեն, իր սխալը հասկանալու ու ներողություն խնդրելու: Եթե կինը կարող է նոր կյանք պարգեւել, ուրեմն նա շատ բան կարող է այս կյանքում: Հրաշք կերպով է ստեղծված կինը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս