ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Հենրիկ Մարտիրոսյանի հրապարակումների շարքին արձագանքել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Ներկայացնում ենք նաեւ նրանց պատասխանը:
Նախկին քաղաքացիական ծառայող Հենրիկ Մարտիրոսյանը, հարց հնչեցնելով, թե «ոնց կարող էր ամբողջ կյանքը ձկնագողության եւ խեցգետնագողության մեջ մասնագիտացած մարդը Սեւանա լճի ափից հայտնվել Գեղարքունիքի տեսչության բաժնի պետի աթոռին, կամ քսան տարվա բուֆետչիկը` պետի տեղակալի»,  եզրակացնում է, թե ՀՀ ՔԾԽ-ն, քաղծառայողների շահերը պաշտպանելու փոխարեն, դարձել է բնապահպանության նախարարության կամակատարը: Գիտնականի պարկեշտության մասին նրա ընկալումների մակարդակին թողնելով այս կամ այն անձին կամայական որակումներ տալու իրողությունը` հարկ ենք համարում նկատել, որ ՀՀ ԲՆ ԲՊՏ Գեղարքունիքի ՏԲ պետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ նախ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` պաշտոնը ժամանակավոր թափուր լինելու պատճառով` պահպանելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված բոլոր ընթացակարգերը:
2007թ. օգոստոսի 13-ին ՀՀ ՔԾԽ-ն` այդ պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու համար հայտարարություն էր հրապարակել, սակայն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից ոչ ոք չէր արձագանքել: Ուստի խորհրդի կողմից առաջարկվել էր պաշտոնը սահմանված կարգով համալրել` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: 2007թ. սեպտեմբերի 13-ին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել Սողոմոն Սողոմոնյանի հետ, իսկ 2007թ. հոկտեմբերի 15-ին նա մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո նշանակվել էր այդ պաշտոնում: Սողոմոն Սողոմոնյանն ունեցել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Գեղարքունիքի ՏԲ պետի պաշտոնի անձնագրով նախատեսված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հակառակ դեպքում նրան ուղղակի թույլ չէր տրվի ո՛չ տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնել եւ ո՛չ էլ մասնակցել մրցույթին: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ ԲՆ ԲՊՏ Գեղարքունիքի ՏԲ պետի տեղակալին: Հոդվածագիրն ուզում է համակերպվել իրականության հետ, թե ոչ, փաստը մնում է փաստ` օրենքի ոչ մի խախտում այստեղ չի եղել:




Լրահոս