ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԺԱՄԱՆԱԿՍ, ԿՅԱՆՔՍ ՉԵՆ ՀԵՐԻՔԻ»

Սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը նույնպես միացել է «Դեմ եմ» նախաձեռնությանն ու մասնակցել «Ընդդեմ կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման» միջոցառումներին։ Ու թեեւ այդ համակարգին նա, ըստ էության, դեմ չէ, սակայն կարծում է, որ այն այսօրվա Հայաստանում կիրառելը ժամանակավրեպ է:

-Դուք նման այլ միջոցառումների, օրինակ, տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիաներին ավտոմեքենայով մասնակցե՞լ եք, թե՞ սա առաջինն էր։
-Ավտոմեքենայով՝ ոչ, բայց ընդհանրապես միշտ մասնակցել եմ։ Սակայն մտածել եմ, որ իմ այդ քայլը կարող է ժողովրդի կամ ինչ-որ մարդկանց կողմից դիտվել իբրեւ PR, այդ իսկ պատճառով էլ փորձել եմ շատ աննկատ մասնակցել, միշտ ստվերում լինել, չբարձրաձայնել կամ անընդհատ չգոռալ՝ նայե՛ք, ես միացել եմ այդ ակցիային։ Բայց, ինչքանով որ կարողացել եմ, ինչ-որ բանով աջակցել եմ գաղափարին։ Պարզապես այս վերջին դեպքում չէի կարող չերեւալ. ֆոտոշարք էին կազմում, եւ ես գնացի։ Խոսքի, կարծիքի ազատություն է, ու եթե որեւէ լրագրող կամ ինչ-որ մեկը զանգել, հարցրել է իմ կարծիքը, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հայ ու նաեւ որպես դերասան, անկեղծորեն հայտնել եմ այն։ Ես հայ եմ, այստեղ եմ ծնվել, մեծացել, սա իմ տունն է, ու այստեղի պրոբլեմների կողքով անտարբեր չեմ կարող անցնել: Բայց եթե սկսեմ Հայաստանում ինչ-որ բաների դեմ պայքարել, պարզապես ժամանակս, կյանքս չեն հերիքի. շատ բաներ կան, որոնց դեմ եմ։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Դեմ եմ» ակցիային, իրականում միանշանակ ողջունում եմ այդ երեւույթը՝ կենսաթոշակային այդ համակարգը, որը շատ քաղաքակիրթ, առաջադեմ, զարգացած երկրների օրենքների բաղադրիչ մաս է կազմում։ Բայց կարծում եմ՝ դա այսօր Հայաստանում ընդունելի չէ առաջին հերթին այն պատճառով, որ վերոնշյալ երկրների բարեկեցիկ պայմանները չկան մեզ մոտ։
-Այսինքն, եթե ժողովրդի սոցիալական պայմանները լավանան, միջին խավը կայանա, Դուք կո՞ղմ կլինեք այդ օրենքին։
-Այո՛, եթե միջին խավը կայանա, մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն, թող ընդունեն այդ օրենքը։ Բայց այսօր չկան նորմալ պայմաններ, դեռ կան սոված, ցրտի մեջ ապրող ու այդ ամենից հիվանդացող ընտանիքներ… Այն այսօր ընդունելը վաղաժամ է։
-Ենթադրենք՝ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում հետաձգվի օրենքի կիրառումը, չէ՞ որ միայն դրանով մնացած խնդիրները չեն լուծվի:
-Բնականաբար… Իմ ասածը Դուք շարունակեցիք. ասենք՝ կենսաթոշակների մասին այս օրենքը չընդունվեց, կամ երթուղայինի սակագինը մնաց 100 դրամ, բայց այնքան այլ հիմնախնդիրներ կան…
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ պարզապես քսան տարի հետո նոր իշխանությունները կարող են նոր օրենք ընդունել եւ այդպիսով պարզապես չվերադարձնել քաղաքացիների կուտակած գումարներն ամբողջությամբ: Այսօր նոր ու նախկին իշխանություններն այնպես են իրար բզկտում, մեղադրում…
-80 հազար դրամ կամ ավելի քիչ աշխատավարձ ստացող մարդիկ հազիվ էլեկտրաէներգիայի, գազի ու այլ կոմունալ վճարումներ են կատարում, ամեն լուման հաշվված է՝ երեխայի ուսուցումից սկսած, մի կերպ գոյատեւում են։ Եվ ինչպե՞ս կարելի է նրանցից ինչ-որ գումար գանձել ու խոստանալ, որ ծերության տարիներին միլիոններ են վերադարձնելու։ Բա հիմա ինչպե՞ս ապրեն։ Բացի այդ՝ մարդիկ վստահ չեն, որ այդ գումարներն իրենց կվերադարձվեն։ Չի բացառվում, որ գալիք իշխանությունները կարող են այդ օրենքի համար իրենց պատասխանատու չհամարել, ընդամենը ներողություն կխնդրեն ու կասեն՝ կորան ձեր փողերը։ Ես՝ որպես քաղաքացի, որպես Սոս Ջանիբեկյան, առաջարկում եմ, որ եթե ոմանց կարծիքով մենք առաջադեմ ու իսկապես բարեկեցիկ երկրում ենք ապրում, պարտադիր բառն օրենքից հանեն ու տեսնեն, թե ինչքան մարդ կվստահի, ու ինչքան մարդ կգնա այդ քայլին։ Եվ դրանից արդեն հետեւություն կարող ենք անել՝ արդյոք մենք բարեկեցիկ, քաղաքակիրթ ու վստահելի երկրում ենք ապրում, քաղաքացին վստահո՞ւմ է իր կառավարությանը։ Կուզեի, որ Հայաստանն առաջադեմ օրենքներ ունենար, մարդիկ նորմալ սոցիալական պայմաններում, բարեկեցիկ կյանքով ապրեին, բայց… Ամբողջ Եվրոպան շրջել եմ եւ համոզված եմ, որ նույնիսկ հարեւան Վրաստանի գոնե ինչ-որ քաղաքի բարեկեցությունը չունենք։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

ՄՏՈՎԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Օրերս, արդեն որերորդ անգամ աչքի անցկացնելով Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի չորրորդ հատորը, ուր ամփոփված են հեղինակի 1892-1921թթ. քննադատական ու հրապարակախոսական բնույթի գործերը, դրանցում արծարծվող մերօրյա հնչեղություն ունեցող մտքերից մի քանիսը կրկին ու կրկին ընթերցողին հիշեցնելու նպատակով որոշեցի մտովի հարցազրույց ունենալ ազգի Մեծի հետ։ Ահա այդ «հարցազրույցը»։

-Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հայ-ռուսական հարաբերությունների, բարեկամության մասին։
-Ռուսաստանում մենք ունեցել ենք եւ կարող ենք ունենալ կուլտուրական մաքառում։ Հարկավ, մարդիկ կլինեն, որ կասեն, թե Ռուսաստանը Հայաստանի համար շատ բան է արել ու կանի, որովհետեւ էդպես են պահանջում իր շահերը։ Ես դրան կպատասխանեմ՝ ավելի լավ, որ Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բռնում են իրար։ Հենց դրա մեջ է կայանում օգնությունը հայ ժողովրդին, եւ դրանով է նա հաստատ։ Ահա, թե ինչու եւ ինչպես իմ հույսերն ու համակրանքը կապվում են Ռուսաստանի հետ։
-Մեր օրերում ընտրակեղծիքները, նախընտրական շրջանում տարբեր շահարկումները, ժողովրդին դերասանությամբ, խոստումներով խաբելն ու ապակողմնորոշելը մոդա են դարձել։ Ընդհանրապես Դուք ինչպե՞ս եք նայում այդ երեւույթին։
-Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր։ Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։ Անշուշտ, նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում։ Այդպես պիտի լիներ մարդը եւ, առավել եւս, այն տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետեւանք, որ ուրիշ ժամանակ աներեւակայելի է։ Նրա այս խոսքերից կամ այս շարժումից կախված է շատ բան։ Եվ հանկարծ… Դուք տեսնում եք… նա խաղ է անում, դերասանություն է անում։ Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են… Ու որպեսզի թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը։ Խոսքը ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»։ Ժողովուրդն այսպես է կամենում։ Հաճախ սրանց շահատակությունը տեւում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել, եւ ով են թամաշավորները, կամ երբ են գլխի ընկնելու։ Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին՝ իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ։ Բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետեւ չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետեւ նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, եւ զզվում եք վերջապես։

ԷԴՎԱՐԴ ՇԱՀԻՐՅԱՆ
ՀՀ վաստակավոր ժուռնալիստ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ԳՐԵՄՄԻ-2014»

Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի-2014» ամենամյա 56-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են 82 անվանակարգերում հաղթողների անունները: Այն այս անգամ էլ արդարացրեց իր՝ ամենաշքեղ շոուի համբավը: «Գրեմմի»-ն իրենց կրքոտ ելույթով բացեցին ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զ-ին:
Այս տարի «Գրեմմի»-ի արժանացան.
«Տարվա ալբոմ»` Daft Punk-Random Access Memories
«Տարվա երգ»` Լորդ «Royals»
«Տարվա ձայնագրություն»` Daft Punk եւ Ֆարելլ Ուիլիաս «Get Lucky»
«Լավագույն նորահայտ արտիստ»` Macklemore եւ Ryan Lewis
«Տարվա փոփ ալբոմ»` Բրունո Մարս «Unorthodox Jukebox»
«Տարվա R&B ալբոմ»` Ալիշա Քիս «Girl On Fire»
«Տարվա ռեփ ալբոմ»` Macklemore եւ Ryan Lewis «The Heist»
«Տարվա քանթրի ալբոմ»` Քեյսի Մասգրեյվս «Same Trailer Different Park»
«Տարվա ռոք ալբոմ»` Լեդ Զեփփելին «Celebration Day»
«Լավագույն սոլո կատարում փոփ ժանրում»` Լորդ «Royals»
«Լավագույն փոփ դուետ»` Daft Punk եւ Ֆարելլ Ուիլիաս «Get Lucky»
«Լավագույն ռոք երգ»` Դեյվ Գրոլ, Փոլ Մաքքարթնի, Քրիստ Նովոսելիկ եւ Փաթ Սամեար «Cut Me Some Slack»
Նշենք, որ «Գրեմմի»-ն անցկացվում է 1958թ.-ից: Եվ ամեն տարի մրցանակակիրների անունները որոշում է 78 հոգուց բաղկացած «Ձայնագրման ակադեմիա»-ի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը:

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Փրինսը դատի է տվել «Ֆեյսբուք»-ի 22 օգտատիրոջ՝ իր հեղինակային իրավունքները խախտելու համար: Ինչպես նշում է Daily Mail-ը, Կալիֆորնիայի դատարան ներկայացված հայցն օգտատերերից յուրաքանչյուրից պահանջում է 1-ական միլիոն դոլար: Աղբյուրի ներկայացմամբ՝ երգչին դուր չի եկել այն փաստը, որ սոցկայքի 22 օգտատերեր իրենց էջերում տեղադրել են Փրինսի՝ տարբեր տարիներին տեղի ունեցած կենդանի համերգների հղումները: Փրինսի փաստաբանները նշել են, որ երգիչն իրեն համարում է հեղինակային իրավունքների խախտման ու ձայնագրությունների թրաֆիքինգի «զոհ»:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Օրերս հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու հետ: Շվարցենեգերը եւ նրա ընկերուհին՝ Հիզեր Միլիգանը, մեկ տարի շարունակ թաքցնում էին իրենց հարաբերությունները: 66-ամյա նախկին նահանգապետին նոր ընկերուհին ուղեկցել է Ավստրալիա, ուր նա ամեն տարի մեկնում է՝ դիտելու դահուկային մրցումները: Զույգը ոչ միայն ներկա է եղել մրցումներին, այլեւ մասնակցել տարբեր երեկույթների:




Լրահոս