ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐԸ ՊՈՒՏԻՆԻ ԱՆՈՒՆՆ Է, ՈՉ ԹԵ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսներին շողոքորթելու արվեստում հայաստանյան պատգամավորներն ու պաշտոնյաները օրեցօր նոր «բարձունքներ» են նվաճում: Հիմա էլ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ է ստեղծվել հենց ԱԺ-ում, որը հայտնի չէ, թե ինչով է զբաղվում, չնայած եթե նայում ենք, թե ում կողմից է ֆինանսավորվում, ամեն ինչ ավելի պարզ է դառնում: Ժամանակին աղմուկ հանած, պուտինյան ակումբների հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ղեկավարվող կառույցն է ֆինանսավորում այս նորաբաց ակումբը, որը, ի դեպ, արդեն իր առաջին հիմնադիր նիստն անց կացրեց: Այս անհասկանալի ակումբի անդրանիկ նիստին մասնակցում էր ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սեմալինը, ինչպես նաեւ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հ. Բաբուխանյանը, Խ. Հարությունյանը, Ա. Գեղամյանը, Վ. Այվազյանը, ՀԱԿ-ից Գ. Ջհանգիրյանը, ՕԵԿ-ից Հ. Մարգարյանը, ԲՀԿ-ից Տ. Ուրիխանյանը, որոնք հիացմունքով լսում էին, թե ինչպես է ռուս պատգամավորը կատարում ռուսաց լեզվի գովքը: Բանն այնտեղ հասավ, որ հայ պատգամավորները սկսեցին ռուսերեն շփվել: Իսկ Գեղամյանի հիացմունքն այնքան բարձր էր, որ չկարողացավ զսպել իրեն եւ, սովորության համաձայն, ոգեւորությամբ ռուս պատգամավորին նվիրեց իր հեղինակած «Եվրասիական միությունը Հայաստանի ապագայի ուղին է» գիրքը` չմոռանալով շեշտել, որ օրը պատմական է: Ինչ խոսք, «մաքսասեր» հայ ազգընտիրների համար ռուս պատգամավորի հետ հանդիպման յուրաքանչյուր հնարավորություն կարող է պատմական լինել:

 
ՀՀ կառավարության վերջին նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատելուց հետո ե՛ւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոստացան փաստաթղթի տեքստը հրապարակել երկու օրից. նրանց խոսքով՝ դեռեւս կային որոշ խմբագրական ճշգրտումներ, որոնք պետք է արվեին երկու օրերի ընթացքում: Կառավարության` հունվարի 23-ի նիստից անցել է 6 օր, սակայն ճանապարհային քարտեզը չկա ու չկա: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստաթուղթը դեռ ռուսերենից հայերեն է թարգմանվում, եւ առաջիկա օրերին այն կհրապարակվի: Այլ կերպ ասած` ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ոչ թե ՀՀ պետական լեզվով` հայերենով գրված, այլ ռուսերեն փաստաթուղթ: Ըստ նախարարության՝ արագ լինելու համար փաստաթուղթը գրվել է ՄՄ աշխատանքային լեզվով:
Հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբայրը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը եւ ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ: Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում: Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել: Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան նաեւ, որ հուղարկավորության վայրում խոսվել է, թե Մ. Սեդրակյանն ինչ-ինչ խողովակներով խնդրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նա թույլ տա Թեւոսիկին վերադառնալ Հայաստան: Այսինքն՝ նրան չկալանավորեն:
Դեռեւս հունվարին ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը) ՀՀ բնապահպանության նախարարության դեմ քրեական գործ է հարուցվել: Սակայն մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել: Նկատենք, որ այս նախարարը պատասխանատվությունից խուսափելու եւ անգամ իր մեղքը ենթակաների վրա բարդելու եզակի ունակություն ունի: Հիշեցնենք, որ 2009թ. բացահայտվեց մի դեպք, երբ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել էր 5 միլիոն դրամ կաշառք: Արդյոք Պետրոսյանն այս քայլին գնացել էր ինքնագլուխ՝ այդպես էլ անհայտ մնաց:

 

 

 

 

 

 

ԷԼ ԲԱՆ ՉՄՆԱՑ

Երկարատեւ բանակցություններից հետո երեկ ՀՀ կառավարությունն ի վերջո վաճառեց Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերություններին: Առքուվաճառքի պայմանագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունները կվճարեն 180 միլիոն դոլար, իսկ առաջիկա վեց տարում կկատարեն 70 միլիոն դոլարի ներդրումներ՝ համալիրի արդիականացման եւ վերանորոգման համար:

Նյու-Յորքում տեղակայված «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունն աշխարհի 17 երկրներում գործող 33 էներգետիկ կայանների սեփականատեր է եւ ներգրավված է ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային էներգիայի արտադրությունում՝ այդ թվում քամու եւ արեւի:
Նշենք, որ սա Հայաստանում իրականացվող ամենամեծ ամերիկյան ներդրումն է, եւ բացի զուտ տնտեսական նշանակությունից, գործարքը, անշուշտ, ունի նաեւ քաղաքական բաղադրիչ: Եվ պատահական չէր, որ անցած տարեվերջին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունից հետո, որոշակի խնդիրներ ծագեցին այս գործարքի իրականացման շուրջ՝ հայկական կողմից առաջադրված նոր պահանջների արդյունքում: Սակայն քանի որ գործարքը, ի վերջո, կայացավ, կարելի է կարծել, որ ՀՀ կառավարությանը, այնուամենայնիվ, հաջողվեց ապահովել ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը՝ գոնե այս չափով:
Հատկապես հայ-ռուսական վերջին 12 համաձայնագրերի, այդ թվում եւ՝ «Գազպրոմ»-ի հետ ստորագրված գազային համաձայնագրի ֆոնին, ամերիկյան ընկերության ներկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում, ինչ խոսք, ողջունելի է: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանի իշխանություններն այսպիսով վաճառեցին պետական սեփականություն հանդիսացող թերեւս վերջին խոշոր ակտիվները՝ այդպիսով ավարտին հասցնելով անցած 20 տարիների ընթացքում իրականացված պետական ունեցվածքի աճուրդը:
Ընդհանրապես, թեեւ Տիգրան Սարգսյանի կառավարությանը նախորդները քիչ բան էին թողել վաճառելու, սակայն նրա պրպտող միտքը, այդուհանդերձ, գտնում է նոր արժեքներ, որոնք մինչ այդ որեւէ մեկի մտքով չէր անցել վաճառել. սկսած ոսկու պետական պահուստներից, ավարտած Հայաստանի գանձարանի պարունակությամբ: Էլ չասած՝ եվրաբոնդերի եւ էներգետիկ ակտիվների մասին: Եվս մեկ-երկու նման գործարք՝ ու Տիգրան Սարգսյանին հաջորդողը հայտնի ֆիլմի հերոսի նման ասելու է. «Все украдено до нас»: Իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ցմահ նախարար Արմեն Մովսիսյանն էլ, որը երեկ ՀՀ անունից ստորագրեց Որոտանի հէկ-երի վաճառքի պայմանագիրը, ըստ ամենայնի, նոր վարչապետին հաճոյանալու համար կփորձի բացատրել, թե որքան վատն էր իր իսկ կողմից բանակցված եւ իրականացված այս գործարքը:




Լրահոս