ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆԵՐԸ
«Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգեւորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին` որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»,- երեկ «Արմնյուզ» հ/ը-ին տված հարցազրույցում նման ցնցող հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը: Փաստորեն, Ս.Սարգսյանին թվում է, թե ադրբեջանցի իր գործընկերը Հայաստանի մասին կարծիք է կազմում միայն ու միայն ընդդիմության ելույթներից: Ավելին՝ նրան թվում է, թե ադրբեջանցիները գլխի չեն ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալ, օրինակ, ՀՀ պետական գերատեսչությունների կայքերից, պաշտոնական վիճակագրությունից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից: Միգուցե ինքն էլ Ադրբեջանի մասին է այդպես տեղեկություններ իմանում: Եթե Ս.Սարգսյանն իրոք անկեղծ էր իր խոսքերում, ուրեմն` կարելի է ցավակցել ժողովրդին, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողն այդպես է մտածում: Բայց շատ հավանական է, որ խորհրդային տարիներին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած Ս.Սարգսյանի մոտ ԵՏՄ-ին ինտեգրվելիս արթնացել են հին սովորույթները. ԽՍՀՄ իշխանություններն էլ Արեւմուտքին չուրախացնելու համար թաքցնում էին բացասական երեւույթների, անգամ բնական աղետների մասին տեղեկատվությունը` հաղորդելով միայն բարի լուրեր:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) մրցարշավ են սկսել: Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի պատճառով պատգամավորները ցանկանում են ջոկատներով այնտեղ մեկնել, ընդ որում` ամեն մեկն առանձին-առանձին: Եվ հիմա նրանք մրցում են` ով է ավելի մտահոգ, ով առաջինն ու ամենաշատ մարդկանցով կգնա դիրքեր: Երեկ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իր ջոկատը ցանկացած պահի պատրաստ է սահման մեկնել. «Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե Ռուբեն Գեւորգյանն ինչ է ասել, դե բնական է, եթե հարկ լինի՝ ինքն էլ կգնա, բայց դե առանձին-առանձին գնալն էլ ես չեմ հասկանում… այսինքն՝ եթե այսօր նախարարը գտնում է, որ պետք է, ապա բնական է, որ դա պետք է կոորդինացված արվի, որեւէ մեկն ինքնագլուխ չի կարող որեւէ բան անել»:
Վերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ պատճառը` պաշտոնական դիրքի չարաշահումն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից: «Մեզ մոտ հիմնականում նրանք, ովքեր մասնագետ են եւ կարող ուժ, կշարունակեն աշխատել, իսկ ովքեր չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը եւ այլ կարգավիճակով, այլ աշխատանքներով են զբաղված, ապա նրանք չեն կարող մեզ հետ ճանապարհ անցնել: Եվ բոլորովին վերջերս այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ ստուգումների ժամանակ պարզվեց, որ նախարարության Հիդրոմոնիտորինգային ՊՈԱԿ-ի տնօրենն ու ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ իրենք ինքնուրույն հասկանալով այդ ամենն, աշխատանքից ինքնակամ ազատման դիմում են գրել»,-լրացրեց նախարարը: Նշենք, որ նրանց փոխարեն նոր նշանակում դեռ չի եղել:
Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հետեւողականորեն ոչնչանում է: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործել է 16 հազար 27 առեւտրի օբյեկտ, մինչդեռ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 16 հազար 197: Ընդ որում, կրպակների թիվն այս տարի կազմել է 3 հազար 393, նախորդ տարի` 3 հազար 896: Նվազել է նաեւ գերփոքր, փոքր ու միջին խանութների թիվը, իսկ մեծ խանութների թիվը մնացել է անփոփոխ` 154: Ընդ որում, այս պատկերն է գրանցվել այն բանից հետո, երբ կառավարությունն իբր թե որդեգրել է ՓՄՁ-ներին աջակցելու քաղաքականություն:
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ կրկին անդրադարձել է անբարեխիղճ վարձակալների եւ սեփականատերերի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտությանը` հանձնարարելով դիմել առավել խիստ միջոցների` ընդհուպ վարձակալական պայմանագրերի խզման, իսկ սեփականատերերի դեպքում էլ` դատական կարգով սեփականության իրավունքի վիճարկման:
Անկեղծ ասած` քաղաքապետի հանձնարարականը միանգամայն տեղին է, քանզի յուրաքանչյուր երեւանցու էլ մեծ տհաճություն են պատճառում անբարեկարգ տարածքներն ու խունացած պաստառների հետեւում տարիներ շարունակ չավարտվող կիսակառույցները: Խնդիրն այն է, սակայն, որ այս հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է Տ. Մարգարյանի կողմից: Իսկ երկուսուկես տարի առաջ նրա հանձնարարությամբ Երեւանի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անբարեխիղճ սեփականատերերին անգամ ուլտիմատում ներկայացրեց` նշելով հստակ վերջնաժամկետ, որի ընթացքում վերջիններս պարտավոր էին ավարտին հասցնել իրենց անավարտ շինությունները: Այս պահանջը հետագայում երկրորդվեց նաեւ անձամբ Տ. Մարգարյանի կողմից: Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, բացի մի քանի խեղճուկրակ «բուդկաների» տերերից` Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի ուլտիմատումները որեւէ մեծ կառուցապատող լուրջ չընդունեց: Եվ ինչպես պարզվեց` միանգամայն տեղին, քանզի Տ. Մարգարյանն այդպես էլ համարձակություն չունեցավ իրականացնելու խոստացված խիստ միջոցառումները:
Եվ արդյունքում` այսօր եւս` ինչպես տարիներ շարունակ, Սասունցի Դավթի հրաշալի արձանի երկու կողմերում էլ երեւանցիներն ականատես են լինում այլանդակ կիսաավարտ կոնստրուկցիաների կույտի: Քաղաքային իշխանություններն այդպես էլ չեն կարողանում լուծում գտնել «Սասունցի Դավիթ» հյուրանոցի կիսակառույց շենքը կա՛մ ապամոնտաժելու, կա՛մ էլ ավարտին հասցնելու հարցում: Անցած առնվազն հինգ քաղաքապետերը նույնկերպ չկարողացան հայազգի գործարար Վաչե Մանուկյանին բացատրել, որ ափսոս է Ամիրյան փողոցի վրա գտնվող նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի հրաշալի շենքը, որը վերջինս գնել, կողպել եւ հեռացել է` իսպառ մոռանալով դրա մասին: Շարունակելով ցուցակը` նշենք, որ եթե Արդարադատության նախարարության նախկին շենքը չհրդեհվեր եւ դրա տեղում կառավարական նոր մասնաշենք կառուցելու անհրաժեշտություն չառաջանար, ապա մինչ օրս էլ հարեւանությամբ գտնվող «Սեւան» հյուրանոցի փլատակները կշարունակեին սղոցել երեւանցիների աչքերն ու նյարդերը: Ճիշտ այնպես, ինչպես որ երեւանցիներին նյարդայնացնում է քանդված Երիտասարդական պալատի բլրի դատարկությունը…
Այս ցուցակն, իհարկե, կարելի է երկար շարունակել: Սակայն փորձենք եւս մեկ անգամ հավատալ Տ. Մարգարյանի անկեղծությանը եւ չմտածենք, որ անբարեխիղճներին ուղղված երեկվա զգուշացումն ընդամենը «մուծվելու» նոր հրահանգ էր: Առայժմ: