Armenian text to speach

Սկանդալ Ֆրանսիայում․ դասախոսը կեղծ մրցանակ է հորինել ու այն շնորհել ինքն իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում սկանդալ է բռնկվել ակադեմիական շրջանակներում․ համալսարանի 56 տարեկան դասախոս Ֆլորան Մոնտակլերը կասկածվում է կեղծ միջազգային փիլիսոփայության մրցանակ ստեղծելու և այն իրեն շնորհելու մեջ։

Նշվում է, որ նա, ըստ քննության տվյալների, ստեղծել է ամբողջովին մտացածին կազմակերպություն, որը ներկայացրել է որպես միջազգային հեղինակավոր գիտական կառույց։ Այդ կառույցի անունից հրապարակվել են «մրցանակի արդյունքներ», որոնց թվում մշտապես հայտնվել է հենց իր անունը։ Այդպես նա, ըստ մեղադրանքների, իրեն շնորհել է «միջազգային» մրցանակ՝ այն ներկայացնելով որպես գիտական ճանաչում։

Այս «մրցանակը» հետագայում օգտագործվել է նրա կենսագրության և պաշտոնական ներկայացումների մեջ՝ բարձրացնելու իր հեղինակությունը և ամրապնդելու դիրքը ակադեմիական միջավայրում։

Սակայն գործընկերների և լրագրողների կողմից կատարված ստուգումները կասկածներ են առաջացրել, քանի որ նշված մրցանակի մասին տեղեկություններ չեն հայտնաբերվել ոչ Սորբոնի, ոչ Օքսֆորդի մասնագիտական շրջանակներում։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ չկա որևէ իրավական կազմակերպություն, իրական ժյուրի կամ ֆինանսական հիմք այդ մրցանակի համար։

Ֆրանսիայի Մոնբելիարի դատախազությունը նրա նկատմամբ արդեն հարուցել է քննություն՝ մի շարք հոդվածներով, այդ թվում՝ կեղծիք, կեղծ փաստաթղթերի օգտագործում, խարդախություն և պաշտոնի ապօրինի յուրացում։ Քննվում է նաև նրա գիտական կենսագրության որոշ հատվածների իսկությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի համալսարանից ստացած, սակայն կասկածի տակ դրված դոկտորական աստիճանը։

Բեզանսոնի Ֆրանշ-Կոնտե համալսարանը հայտարարել է, որ դասախոսը այլևս որևէ պաշտոն չի զբաղեցնում հաստատությունում՝ այնտեղ աշխատելով ավելի քան 20 տարի։

Կրթության նախարարությունը նույնպես սկսել է առանձին գնահատման գործընթաց, որը կարող է հանգեցնել կարգապահական միջոցների, այդ թվում՝ նրա ակադեմիական կոչման զրկման։

Անի Վարդանյան




Լրահոս