ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մինչեւ 14-16 տարեկան հասակը չպետք է կրել բարձրակրունկներ: Այդ մասին զգուշացնում է վնասվածքաբան-օրթոպեդ Արմինե Չոբանյանը: Ըստ նրա՝ մինչ այդ հասակը աղջիկների ոսկրահոդային եւ մկանաջլային համակարգերն ամբողջովին ձեւավորված չեն. «Քանի դեռ աճը շարունակվում է, ցանկալի չէ հագնել բարձրակրունկներ, քանզի դրանք հանգեցնում են հենաշարժիչ համակարգի սխալ զարգացման»,-զգուշացնում է մասնագետը:
Վնասվածքաբան-օրթոպեդի խոսքով՝ այնուամենայնիվ, եթե աղջիկները դպրոցական տարիքից են կրում բարձրակրունկներ, հետագայում ցանկության դեպքում նույնիսկ չեն կարողանում դրանք փոխարինել ցածրակրունկներով. «Բանն այն է, որ աճի շրջանում անընդհատ բարձրակրունկներ կրելիս ոտնաթաթի եւ սրունքի զարգացվածությունն այլ կերպ է ընթանում, ընդ որում՝ սրունքի հետին խմբի մկանները եւ ջլերը, այսպես կոչված, ավելի կարճ են լինում, եւ երբ ցարծրակրունկ են հագնում, առաջանում է այդ մկանների գերլարվածություն եւ ցավ: Դա էլ իր հերթին խնդրի առջեւ է կանգնեցնում. շարունակե՞լ կրել բարձրակրունկներ, ինչը կբերի հենաշարժիչ համակարգի եւ ստորին վերջույթների անոթների հետագա ախտահարման, թե՞ դրանք փոխարինել ցածրակրունկներով:
Օրթոպեդի խոսքով՝ առհասարակ ցանկացած տարիքի եւ իրավիճակի դեպքում բարձրակրունկները վնասում են մեր առողջությանը: Ըստ նրա՝ եթե կրունկը 3-4սմ-ից բարձր է լինում, փոխվում է քայլվածքի բիոմեխանիկան՝ մեծանում է ողնաշարի գոտկային կորությունը (լորդոզը, մեջքի եւ ստորին վերջույթների մկանների լարվածությունը, տեղի է ունենում ծանրաբեռնվածության սխալ վերաբաշխում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ ողնաշարի, ծնկի, սրունք-թաթային եւ ոտնաթաթի մանր հոդերի հետագա ախտահարում, տարբեր բնույթի ու տեղակայման ցավեր եւ այլն. «Բարձր կրունկ ունեցող կոշիկներ կրելու ժամանակ ամբողջ ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է ոտնաթաթի առաջային՝ դիստալ հատվածների վրա, եւ եթե միաժամանակ կոշիկի առաջամասը նեղ է (ունի «նեղ քիթ»), սեղմվում է ոտքի բութ մատը, այսինքն՝ վերտիկալ ազդող մեծացած ուժի պայմաններում գործում է նաեւ ոտնաթաթի առաջին մատը դեպի դուրս մղող ուժ, ինչի հետեւանքով բութ մատը սկսում է թեքվել դեպի դուրս եւ առաջանում է, այսպես կոչված, «hallux valgus» հիվանդությունը, որը ժողովրդի մեջ տարածված է ոտնաթաթի կոճ անունով»,-տեղեկացնում է Արմինե Չոբանյանը եւ հավելում, որ բարձրակրունկները մեծացնում են նաեւ ստորին վերջույթների երակային անբավարարության եւ վարիկոզ հիվանդության առաջացման հավանականությունը:
Մասնագետը բոլորին խորհուրդ է տալիս զոհ չգնալ գեղեցկությանը, բարձրակրունկներ կրել առիթից առիթ՝ խուսափելով երկար ոտքի վրա մնալուց: Նա նաեւ շեշտում է՝ հղի կանանց առավելեւս հակացուցված են բարձր կրունկ ունեցող կոշիկները, քանզի քաշի ավելացման, ծանրության կենտրոնի տեղափոխման եւ հղիների օրգանիզմում մի շարք այլ փոփոխությունների պատճառով մեծանում է վերը թվարկված խնդիրների հավանականությունը, մեծանում է նաեւ վայր ընկնելու եւ տարբեր բնույթի վնասվածքներ ստանալու հավանականությունը: Մեր հարցին՝ իսկ արդյոք ցածրակրունկներն իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում, բժշկուհին պատասխանեց. «Դա խիստ անհատական բնույթ է կրում: Եթե մարդու մոտ առկա է հարթաթաթություն, այդ դեպքում նա պետք է կրի փափուկ սուպինատորներով հատուկ կոշիկներ, որպեսզի կամարը արհեստականորեն ձեւավորված լինի: Ըստ վնասվածքաբան-օրթոպեդի՝ հարթաթաթության դեպքում ցանկալի չէ կրել ամբողջովին տափակ կոշիկներ, որովհետեւ այդ դեպքում քայլքը սահուն եւ էլաստիկ չէ, իսկ քայլքից առաջացած ցնցումները տարածվում են դեպի վերեւ՝ հաղորդվելով ողնաշարին, գլխին: Սրա հետեւանքով կարող են առաջանալ գլխացավեր եւ ցավեր՝ մեջքի շրջանում»:
Ի վերջո, բարձրակրունկնե՞ր, թե՞ տափակ կոշիկներ: Այս հարցին օրթոպեդը պատասխանում է՝ նորմալ զարգացած ոտնաթաթերի համար կոշիկների իդեալական տարբերակը հետեւյալն է. «Կոշիկը չպետք է լինի մեծ կամ փոքր, իսկ կրունկը պետք է լինի 3-4 սմ-ից ոչ ավելի, այն չպետք է ունենա սեղմող տեղեր, թաթը պետք է որոշ չափով կլորավուն լինի, այլ ոչ թե սուր, իսկ ոտնաթաթի կամարի շրջանում պետք է առկա լինի փոքր փափուկ սուպինատոր (կոշիկի ներդիր)»։
Հ.Գ. Ի դեպ, ներկայում քննարկվում է Մաքսային միության անդամ երկրներում բարձրակրունկների, կեդերի եւ տափակ՝ «բալետկա» կոշիկների վաճառքի արգելքի հարցը՝ հենց վերը նշված առողջապահական նկատառումներից ելնելով: Հետաքրքիր է, եթե Հայաստանն անդամակցի ՄՄ-ին, նշված արգելքի կիրառման դեպքում ինչ պիտի անեն բարձրակրունկների սիրահար հայ կանայք:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ»
«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 16-ին՝ մրցույթի առաջին օրը, հանդես է եկել Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգով եւ հնարավոր 55 միավորից ստացել 54-ը: Դավիթի ելույթը 11 միավորով չի գնահատել ժյուրիի անդամներից միայն մեկը՝ երգիչ Ալեքսանդրո Սաֆինան:
Այս պահին Դավիթն առաջատարներից է, եւ հաջորդ անգամ լավ հանդես գալու ակնկալիքները մեծ են: «Հանդիսատեսը շատ լավ դիմավորեց Դավիթին: Շատ մասնակիցներ կային, որ մտածում էինք, թե բարձր միավորներ կստանան, սակայն համերգի ժամանակ չկարողացան թողնել նույն տպավորությունը, ինչ փորձերին»,-նշել է Դավիթի պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը: Նա ընդգծել է, որ այժմ 55 միավորով առաջատար է Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Բոյկոն:
«Եթե մրցույթին քաղաքական լուծումներ չտրվեն, մենք լավ հորիզոնական կունենանք»,-ասել է նա:
ԲԵՅՈՆՍԵՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է
«US Weekly» ամսագիրը լուր է տարածել, թե Բեյոնսե-Ջեյ Զի աստղային զույգը պատրաստվում է ամուսնալուծվել: Ամսագրի տվյալներով՝ զույգը պաշտոնապես կամուսնալուծվի սեպտեմբերի 13-ից հետո: Այդ օրը Փարիզում կկայանա Բեյոնսեի ու Ջեյ Զիի «On The Run» համաշխարհային շրջագայության վերջին համերգը:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին պաշտոնապես ամուսնացել են 6 տարի առաջ եւ 2-ամյա դուստր ունեն: Բացի այդ, երգչուհին ու ռեփերը գործընկերներ են: 32-ամյա երգչուհին մի քանի անգամ նշել է, որ անձնական բնույթի խնդիրները քննարկում է միայն իր մտերիմ ընկերուհու՝ դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ:
ՍՏԱԼՈՆԵԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստեր Ստալոնեն լրագրողներին է ներկայացրել ապագայի իր ծրագրերը: Մասնավորապես, նա պատմել է, որ իր մասնակցությամբ հաջորդ նախագիծը կլինի «Ռեմբո 5»-ը, որի մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են: Բոլորովին վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե «Ռեմբո 5»-ը ֆիլմի վերջին մասը կդառնա: Ֆիլմի նախնական վերնագիրն է «Ռեմբո. Վերջին ճակատամարտը»: Ստալոնեի խոսքով՝ ինքը ակտիվորեն պատրաստվում է դերին:
ԱԳԻԼԵՐԱՆ ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան մայրացել է 2-րդ անգամ: Օգոստոսի 16-ին Ագիլերան լույս աշխարհ է բերել 2-րդ երեխային. աղջիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով: 33-ամյա երգչուհին հիվանդանոց է եկել փեսացուի՝ Մեթ Ռաթլերի հետ առավոտյան ժամը 8-ին: Նշենք, որ Ագիլերայի 6-ամյա որդին՝ Մաքսը, Ջորդան Բրատմանի հետ ամուսնությունից է:
ԱՆԲԱԺԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Հաշմանդամ առյուծը, որին դաստիարակել է ոտքերը կորցրած տեսուչը, կապվել է փոքրիկ տաքսայի ու նրա ցեղակիցների հետ այնքան, որ պատրաստ է ոչ միայն նրանց հետ գրկախառնվել, այլեւ կիսել իր սնունդը:
Չնայած չափերի տարբերությանը՝ Օկլահոմա նահանգի Վինվուդ քաղաքի կենդանաբանական այգու 227-կիլոգրամանոց Բոունդիգեր անունով առյուծն ու 8-ամյա Մայլո անունով տաքսան անբաժանելի ընկերներ են դարձել:
Առյուծը ծնվել է ոսկորների մետաբոլիկ հիվանդությամբ, որը նրան հաշմանդամ է դարձրել: Հենց այդ հանգամանքն է օգնել անսովոր կապ ստեղծել կենդանաբանական այգու աշխատակցի՝ Ջոն Ռենկեի ու առյուծի միջեւ:
Երբ Մայլոն ու մյուս շները զգացել են, որ առյուծը խնդիրներ ունի, սկսել են նրան պաշտպանել ինչ-որ կերպ ու աջակցել: Վերջին 5 տարում առյուծն ու շների ոհմակը սկսել են միասին գրկախառնվել, սնվել ու խաղալ:
ՄԵՔԵՆԱՆ` ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ալտադենա քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. տարեց վարորդն իր մեքենան ավտոտնակից հանելիս անսպասելի «նետել» է լողավազանը: Պատճառը եղել է նրա հողաթափը, որը խրվել ու մնացել է ոտնակի արանքում: 80-ամյա վարորդին, ի վերջո, հաջողվել է առանց վնասվածքների մեքենայից դուրս գալ, իսկ մեքենան սուզվել է լողավազանը: Բարեբախտաբար միջադեպի պահին լողավազանում մարդ չի եղել: