Վ. Օսկանյանը Ռ. Քոչարյանին երկրորդ համարում չի պատկերացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փասատթղթերից հերթականը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար, այժմ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հանդիպման մանրամասները: Զրույցը տեղի է ունեցել 2008թ. նոյեմբերի 14-ին, որի ընթացքում Օսկանյանը ներկայացրել է իր մոտեցումներն ու տեսակետները ԼՂ եւՍփյուռք հարաբերությունների շուրջ:

ԼՂ հիմնահարցի կապակցությամբ Օսկանյանը նկատել է, որ 2008թ. կնքված Մայնդորֆյան հռչակագրի տողատակում տեսնում է կողմերի միջեւ առկա լուրջ տարաձայնություններ: Նրա պնդմամբ՝ Մադրիդյան սկզբունքները նշված է ոչ թե որպես հիմնարար փաստաթուղթ, այլ հենց այնպես, անուղղակիորեն: Այսպիսով` անզիջում քաղաքականություն խոստացած Քոչարյանի արտգործնախարարը դժգոհ է, որ Մադրիդյան սկզբունքների պես թույլ ու ակնհայտորեն ոչ հայանպաստ փաստաթուղթը չէ, որ ընկած է կարգավորման հիմքում: Ինչևէ, Օսկանյանը հավելել է, թե լինելով լավատես՝ հավատացած է, որ Սերժ Սարգսյանը իր նախորդի նման չէ եւ ունակ է համաձայնության հասնել, քանզի ավելի ճկուն է: Փաստորեն` Քոչարյանի հետ 10 տարի սերտորեն աշխատելուց հետո Օսկանյանը նրան գնահատել է որպես ոչ ճկուն քաղաքական գործիչ, ով համաձայնության հասնելու հարցում լուրջ խնդիրներ ունի:

ԲՀԿ պատգամավորը նաեւ արձանագրել է Հայաստանում ժողովրդավարության անկումը: Նրա համոզմամբ՝ այս բնագավառում Սարգսյանն անում է այն, ինչ անում էր Քոչարյանը, սակայն տվյալ պահին իրավիճակն ավելի վատն է, այդ պատճառով խնդիրներն ավելի ցայտուն են: Օսկանյանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ներքաղաքական թեմաներով զրուցել է դեռ մարտ ամսին, եւ վերջինս հայտնել է, որ «ցանկանում է մի բան անել այս ամենի հետ»: Իր քաղաքական ապագան քննարկելիս Օսկանյանը տեղեկացրել է, որ հույս ունի քայլ կատարել 2010թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այստեղ կամ դեսպանն է սխալ թույլ տվել եւ 2012թ. շփոթել 2010թ. հետ, կամ էլ Օսկանյանն է հավատացած եղել, որ 2010թ. Հայաստանում սպասվում էին խորհրդարանական արտահերթ ընտրություններ: ԱԳ նախկին նախարարը հայտնել է, որ մտածում էր կուսակցություն ստեղծելու մասին: Հավելենք, որ վիկիլիքսյան մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ Օսկանյանը մտադիր էր նոր ուժ ձեւավորել Սամվել Բաբայանի ու Վազգեն Մանուկյանի հետ:

Խոսելով Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին՝ Օսկանյանը նախ հերքել է, թե ինքն օգնում է նրան այդ հարցում, ապա հավելել, որ Քոչարյանը չի կարող դառնալ վարչապետ, քանզի «այդ դեպքում կլինի միայն համար երկրորդը»: Հետաքրքիր է, որ մասնավոր զրույցում Օսկանյանը բավականին ազատ է եղել Քոչարյանի մասին իր իրական կարծիքն արտահայտելու հարցում:

Սփյուռք-Հայրենիք հիմնահարցի կապակցությամբ Օսկանյանը պնդել է, որ հարուստ եւ տաղանդավոր սփյուռքահայերն իրենց չեն նույնացնում ներկայիս Հայաստանի հետ: Նա հավելել է, որ շատերը ներդրումներ անելու համար պահանջել են Հայաստանում իրական փոփոխություններ կատարել: Այստեղ հիշեցնենք, որ 1998թ. Քոչարյանը իշխանության եկավ Սփյուռքի հետ հարաբերությունները ջերմացնելու կարգախոսով, ընդհուպ՝ ներմուծեց երկքաղաքացիության ինստիտուտը: Սակայն 10 տարի անց Քոչարյանի ԱԳ նախարարը բացահայտում է, որ իրենց քաղաքականությունն ուղղակի տապալվել է, քանզի իր իսկ բառերով ասած՝ «Հայաստանին սատարող սփյուռքը իրականում մի քանի անհատներն են, ովքեր միշտ էլ կօգնեն Հայաստանին, թեպետ նրանց մեջ էլ արդեն կան մարդիկ, ովքեր վրդովված են ու մի կողմ են քաշվել»: Օսկանյանից լավ ոչ ոք չէր կարող գնահատել «սփյուռքասիրության» քաղաքականության անհաջող ավարտը:

Հայաստանում ժողովրդավարության անհրաժեշտություն տեսնելով՝ Օսկանյանը նկատել է, որ առանց լավ կառավարման ու մարդու նշանակության բարձրացման երկրում իրական առաջընթաց չի կարող լինել: Նրա կարծիքով՝ երկրի տնտեսական զարգացման հիմնական գրավականը ժողովրդավարական բարեփոխումներն ու արդար եւ պրոֆեսիոնալ դատական համակարգն են: Հարց է ծագում՝ երբ Քոչարյանը ժամանակին ինքնուրույն որոշում կայացրած դատավոր Պարգեւ Օհանյանին հեռացրեց աշխատանքից, արդյո՞ք Քոչարյանի ԱԳ նախարարը կիսում էր իր ղեկավարի մոտեցումը, թե±, այնուամենայնիվ, մտքում տենչում էր ժողովրդավարության ու ազատության: Մարտի 1-ին նրա պահվածքը եւ Քոչարյանի ապօրինոթյունները արդարացնելու քայլերը կարծես այնքան էլ չեն խոսում Օսկանյանի՝ իրական ժողովրդավարության կարոտ լինելու մասին:

Փաստաթղթի ավարտին դեսպան Յովանովիչը արձանագրում է, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերում Օսկանյանը թերահավատ է: Դիվանագետը կարծում է, որ դրա առաջին պատճառն Օսկանյանի մասնագիտական նախանձն ու վիրավորվածությունն է առ այն, որ երկարատեւ աշխատանքից հետո իր հաջորդը կարող է լինել այն նախարարը, ով հաջողել է ԼՂ եւ Թուրքիայի հարցերում: Նկատենք, որ այսօր Օսկանյանը կարող է արդեն հանգիստ լինել, քանզի Է.Նալբանդյանի տապալումների ֆոնին իր՝ «սխալ թարգմանությունների» արդարացումները կարելի է անգամ տրիումֆներ անվանել:

ՆԺԴԵՀ Հովսեփյան




Լրահոս