“Ես կարծում եմ, որ և՛ իմ հրամանում, և՛ գալիք բոլոր իրավական պարզաբանումների մեջ սպառիչ իրավական հիմնավորումներ կան։ Անձնական տեսակետից ցավում եմ, որ դոկտոր մարդը իջել է այն մակարդակի, որ սեփական՝ իրավական առումով ապիկարությունը փորձում է քողարկել անձնական վիրավորանքով”,– այսօր ՀՊՏՀ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ կապված խնդրին։Ինչպես հայտնի է, նախարարը կարգապահական տույժի է ենթարկել ռեկտոր Զոլյանին, որ իր հերթին նախարարի տույժը անհիմն է համարել՝ հայտարարելով, որ խնդիրը կկարգավորի դատական կարգով։ “Իմ մոտեցումները գերատեսչական են։ Որպես պետության կողմից կրթության ոլորտի պատասխանատու նշանակված այր՝ ես պարտավոր եմ հետևել ՀՀ կրթական հաստատություններում օրինականության հաստատմանը”,– նշեց ԿԳ նախարարն՝ ավելացնելով, որ ուրախ կլինի, եթե դատարանում առիթ ընձեռվի ևս մեկ անգամ ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է։ “Մնացյալ ամեն ինչը անձնական, քաղաքական, հասարակական, լրատվական շահարկումների դաշտում է”,- ասաց Արմեն Աշոտյանը։ Հարցին, թե գուցե դուք եք շահարկել ձեր պաշտոնական դիրքը, Աշոտյանն արձագանքեց, թե այն երեք տարիների ընթացքում, երբ ինքը եղել է
կրթության և գիտության նախարար, երբևէ որևէ հակաօրինական հրաման՝ հատկապես կարգապահական տույժի ենթարկելու մասին չի արձակել և չի պատրաստվում արձակել։ ,Ուղղակի պետք է հասկանալ, որ որևէ մեկը չի կարող լինել արտոնյալ պայմաններում։ ՀՀ կառավարության անունից մենք կնքել ենք այդ մարդու հետ աշխատանքայն պայմանագիր, իրավական կարգավիճակով նա ՊՈԱԿ տնօրեն է մեզ համար, իսկ հավելյալ ակտիվությունը կարող է իրականացնել ոչ ի հաշիվ և ոչ ի վնաս այն հիմնական աշխատանքի, որի շուրջ մենք եկել ենք համաձայնության՝ 2008թ. կնքված աշխատանքային պայմանագրովե,– նշեց նախարարը։ԵՊԼՀ–ի ռեկտորի կուսակցական պատկանելության մասին հարցին ի պատասխան Արմեն Աշոտյանն ընդգծեց, թե ինքը տեղյակ էլ չէր Զոլյանի կուսակցական պատկանելության մասին։ Ըստ նրա՝ եթե Զոլյանը ՀՀԿ–ական լիներ, իրեն նման պահվածք թույլ չէր տա, իսկ եթե այլ կուսակցությունից է, ապա դա չի խոչընդոտի իրենց համապատասխան գործողություններ կատարելու համար։ ,Եթե դուք նայեք ցանկը, համակարգում շատ ունենք անկուսակցական ռեկտորներ։ Այնպես որ քաղաքական զոհի կերպարանքը շատ արհեստականորեն ստեղծվող իմիջ էե,– նշեց Աշոտյանն՝ ավելացնելով, որ բուհում կատարված ուսումնասիրությունների արդյունքներում իրենց հայտնաբերած խախտումների վերաբերյալ երեկ ստացել են բուհի պարզաբանումները, որոնք երեկվանից ուսումնասիրվում են, և հավանաբար այսօր կստանան համապատասխան արձագանք։