Որոշ համայնքներում դպրոցական զանգը չի հնչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բազմաթիվ դպրոցներում, որոնք մեծամասամբ գտնվում են գյուղական համայնքներում այս տարի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Արտագաղթի ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների հետևանքները կրում են նաև կրթական օջախները: Թեև պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն դպրոցների հաճախելիության հարցում առաջատարը մնում են խոշոր քաղաքաներն ու Երևանը: Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են:

«Ժողովուրդ»-ը փորձեց որոշ համայնքապետերից ճշտել, թե ինչպիսի պատկեր է ստեղծվել իրենց համայնքում և այս տարի առաջին դասարանի քանի աշակերտ են ունենալու: Սակայն, ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի հարցումները, ՀՀ մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա:

Այսպիսի պատկեր է օրինակ՝ Շիրակի մարզի Կաքավասար գյուղում. համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ իրենց համայնքի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենալու: «Հարևան գյուղերից երկու ընտանիք կա, խնդրել եմ, որ գան այստեղ մնան: Նույնիսկ տնով էլ ենք ապահովում: Բայց չգիտեմ՝ կգան, թե ոչ: Սպասում ենք»,- լրացրեց գյուղապետը: Նույն մարզի Բարձրաշեն համայնքը լիկվիդացվել է, իսկ բնակչության կեսը հաստատվել է Իսահակյան գյուղում: Այս պատճառով փակվել է նաև գյուղի դպրոցը:

Իսկ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի դպրոցը դեռ նախորդ տարի էր փակվել՝ առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Ավելի բարձր տարիքի փոռեցի 7 աշակերտները հաճախում են հարևան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում ևս այսօր դպրոցը փակված է, մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ, իսկ նույն մարզի Տավրուս համայնքն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Արմավիրի մարզի Կողբավան համայնքն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Նույն վիճակում է նաև Արագածոտնի մարզի Օթևան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:

«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու են մարզում դպրոցները փակվում: «Մենք հիմա ամփոփում ենք տվյալները, այս պահին հստակ թիվ չկա իմ ձեռքի տակ: Բայց մարզում առաջին դասարանի աշակերտների ռեալ աճ կա: Մեր մարզում միայն Բարձրաշենում է, որ դպրոցը փակված է և Փոքր Սեպասարում ունենք տարրական դպրոց, որն ուներ երեք-չորս աշակերտ: Հիմա տնօրենն ինքնակամ աշակերտներին տեղափոխում է հարևան գյուղի՝ Մեծ Սեպասարի դպրոց: Բայց ցանկացած աշակերտի ի հայտ գալու դեպքում, Փոքր Սեպասարի դպրոցը կարող է գործել»,- պնդեց Մինասյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարհյանը ևս ՙԺողովուրդ՚-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մարզում առաջին դասարանի աշակերտների թվի աճ կա. «2013-ին և 2014-ին մեր մարզում որևէ դպրոց չի փակվել: Իսկ Բարեպատ համայնքի դպրոցն արդեն երեք տարի է, ինչ փակված է, բայց շենքը դեռ մնում»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 0.4%-ով: Դպրոցների օպտիմալացման շրջանակներում փակվել են Երևանի թիվ 25, Գեղարքունիքում՝ Բարեպատի, Շիրակում՝ Բարձրաշենի, Վայոց ձորում՝ Փոռի հիմնական դպրոցները, Արագածոտնում՝ Ապարանի ֆիզմաթ վարժարանը: Շիրակում Ախուրյանի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավագ դպրոցները միավորվել են համապատասխանաբար Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան և Երևանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցների հետ: Իսկ 2012-2013 ուսումնական տարում կասեցվել է Երևանի ոչ պետական «Էթերա» տարրական դպրոցի գործունեությունը:

Հաշվետու տարում քաղաքային բնակավայրերում գործել են 315 հիմնական, 102 ավագ, 837 միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև 16 վարժարաններ: Գյուղական բնակավայրերում գործել են 146 հիմնական, 7 ավագ և 701 միջնակարգ դպրոցներ: Քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախել է 223844 աշակերտ: Իսկ գյուղական բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների թիվը կազմել է 144864, որից 76342-ն՝ արական սեռի: Քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 21536, իսկ գյուղական բնակավայրերում` 19294 ուսուցիչ:

Չնայած որ մարզպետարանի պատասխանատուները պնդում են, թե իրենց մարզերում առաջին դասարանցիների թվի աճ կա, գյուղական բնակավայրերի փակված դպրոցները հակառակն են փաստում:

Եվ եթե արտագաղթը մեր հանրապետությունում նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս