ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԹԵ ԿԵՆԴԱՆԻ ԼԻՆԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԸ

Հայկական բանակի ու ազատամարտիկների թեման համարվում է ամենանուրբը, քանի որ նրանց մասին քննադատական ցանկացած բառ կարող են օգտագործել մեր թշնամիները: Սակայն լինում են իրավիճակներ, երբ ճշմարտությունն ասելն ավելի կարեւոր է, քան լռելը:
Հիմա ավելի առարկայական. վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կարծես թե ազատամարտիկների նոր միավորում ստեղծելու մրցարշավ է սկսվել: Երբեւէ ռազմաճակատում չգտնված անհատներից սկսած մինչեւ լուրջ հրամանատարները ձգտում են ազատամարտիկների միավորում ստեղծել:

Հանուն արդարության, պետք է նշել, որ ամեն ինչ սկսվեց «Երկրապահ» կամավորականների միության վարչության կազմի հրապարակումից: Ինչպես հայտնի է, ԵԿՄ վարչության կազմում են գտնվում մարդիկ, ովքեր գրիչից ծանր ոչինչ չեն վերցրել, անգամ բանակում չեն ծառայել: Ու հանկարծ նրանք հայտնվեցին ազատամարտիկների շրջապատում՝ հայրենասերի «կամուֆլյաժով»:
Բայց մյուս կողմից՝ պետք է նկատել, որ ԵԿՄ-ն ոչ թե ռազմական կառույց է, այլ մի հասարակական կազմակերպություն, որտեղ կարող են անդամագրվել յուրաքանչյուրը՝ անկախ իր ռազմական անցյալից:
Բայց եթե կենդանի լիներ սպարապետ Վազգեն Սարգսյանը, հաստատ նման իրավիճակ չէր լինի: Բոլոր ազատամարտիկները՝ անկախ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից, խմբված էին սպարապետի շուրջ ու ենթարկվում էին նրան: Հիմա մեր երկրում չկա սպարապետին փոխարինող որեւէ մեկը, իշխանության ամենաբարձր օղակներն էլ հնարավորինս անտեսում են ազատամարտիկներին, դրա համար էլ նախկին հրամանատարներն ու շարքային մարտիկները աջ ու ձախ ընկած ապահով տեղեր են որոնում:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ական պատգամավոր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, առանձին «Երդվյալ ազատամարտիկներ» անունով մի հասարակական կազմակերպություն է բացել: Նրա եւ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատարի, համատեղ ծրագիրը՝ «Նվիրյալների միություն» ստեղծելու, ձախողվեց: Դրա համար էլ Ռուստամ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ ստեղծել է Ազատամարտիկների դաշինք:
Դրանից առաջ էլ հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանն էր ազատամարտիկներին միավորելու փորձեր անում:
Ի՞նչ նպատակ ունեն նրանք իրականում, պարզ չէ: Միայն հասկանալի է, որ բոլոր նման իդեաների կրողները ցանկանում են դառնալ «ազատամարտիկների ասողը»: Սակայն ամեն անգամ այդ բաղձալի նպատակին հասնել չի հաջողվում, քանի որ պատերազմի անցյալ ունեցող մարդիկ ավելի կամային են, քան կարելի է պատկերացնել: Ու որքան էլ փորձեն սոցիալապես անապահով այդ խավի էմոցիաների վրա ազդելով կառավարելի դարձնել, միեւնույն է՝ չի ստացվի: Քանի որ Վազգեն էլ չի լինելու:
Իսկ ինչ վերաբերում է նրանց հրապարակային գործունեությանը, ապա բոլորի նպատակը, թերեւս, նույնն է՝ հոգալ ազատամարտիկների հոգսերը, կանգնել մեր բանակի կողքին՝ անհրաժեշտության դեպքում եւ իրենց ներկայությամբ զգաստացնել երկրում «սխալ բան անողներին»:
Մինչդեռ լավ կլիներ, որ յուրաքանչյուր նման նախաձեռնության հեղինակ գիտակցեր, որ այդ քայլով ինքն իրականում պառակտում է մտցնում, շերտավորում է ազատամարտիկներն՝ դրանով իրականում «ջուր լցնելով թշնամու ջրաղացին»: Լավ կլիներ, որ յուրաքանչյուրն իր նկրտումները պահելու եւ զսպելու քաջություն ունենար: Ի վերջո, հերոսությունը միայն պատերազմի ժամանակ չէ, որ դրսեւորվում է. լավագույն որակները դրսեւորվում են նաեւ խաղաղության պայմաններում:

Թամարա Միքայելյան
 

ԼՈՒՐԵՐ

ՈՒՐԲԱԹ ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Հանրապետական կուսակցությունն այս անգամ իր գործադիր մարմնի նիստը որոշել է անել ոչ թե հինգշաբթի օրը, այլ ուրբաթ՝ օգոստոսի 29-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանրապետականներին հրահանգվել է ներկա գտնվել ամբողջական կազմով, քանի որ անցած նիստի ժամանակ մի քանիսն արձակուրդում էին՝ այդ թվում նաեւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ նիստում մի քանի հրատապ հարցեր են քննարկվելու, որից մեկը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների «ճակատագրին»: Բանն այն է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերից առնվազն 3-ը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, ինչը նշանակում է, որ իշխող ՀՀԿ-ի համար դժվար է լինելու ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացումը: ՀՀԿ-ին այդ հարցում հատկապես անհանգստացնում է ԲՀԿ-ի ակտիվությունը: Երկրորդ հարցը, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցն է:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ՝ պարզելու ՀՀԿ ԳՄ օրակարգը: Սակայն Բաղդասարյանը միայն հաստատեց, որ նիստը տեղափոխել են ուրբաթ, իսկ օրակարգի վերաբերյալ որեւէ բան չասաց:

 

ԱՌԱՍՏԱՂՆ ԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը որոշել է մասնակի վերանորոգել ՍԴ նիստերի դահլիճի առաստաղը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից մոտ 953 հազար դրամ է տրամադրվել, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու է «Երեւանշին» ընկերությունը: Հիշեցնենք, որ ՍԴ նիստերի դահլիճում են վավերացվել ՀՀ-ում կեղծված բոլոր համապետական ընտրությունները: Եվ հազիվ թե առաստաղի վերանորոգումն օգնի, որ ՍԴ-ն այսուհետ չկատարի քաղաքական պատվեր ու չվավերացնի կեղծված ընտրությունները:

 

Պահանջել է առերեսում
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարար Փայլակ Հայրապետյանն ասաց, որ դիմում է գրել եւ պահանջել, որ առերեսում լինի իր եւ ՀՀ նախկին վարչապետ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի միջեւ. «Չգիտեմ, թե ինչ կլինի։ Արդյո՞ք այդ պահանջը կբավարարվի, թե ոչ, բայց մինչ օրս որեւէ պատասխան չեմ ստացել: Անգամ Աշոտ Սուքիասյանի եւ իմ միջեւ էլ մինչ օրս առերեսում չի եղել»: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը 2012թ. դիմում էր ներկայացրել ոստիկանություն, որ գործարար Աշոտ Սուքիասյանը խարդախության ճանապարհով իրեն ունեզրկել է: Ավելի ուշ Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ իր ունեզրկմանը մասնակցություն են ունեցել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր է, եւ նրա գործընկեր, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

Խիստ պատիժ
Վրաստանում Հայաստանի դեսպան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու համար մեղադրվող Դավիթ Վարդանյանի գործով դատախազը հաշվի չի առնում փաստը, որ մեղադրյալը մաքսանենգություն չի կատարել: Այս մասին NEWS.am-ին ասել է Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը՝ մեկնաբանելով դատախազի պահանջած 4,5 տարվա ազատազրկման պատիժը: Ըստ փաստաբանի՝ դա չափազանց ծանր պատիժ է: Տեղեկացնենք, որ Յ. Վարդանյանի որդու դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին:

 

Հոկտեմբերի 10-ին
Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը` անդրադառնալով ՄՄ երկրների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի եւ ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ Մինսկում տեղի ունեցած գագաթաժողովին` տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ տեղի կունենան, որոնց շրջանակներում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:
Ղազախստանի ղեկավարը նաեւ նշել է, որ ԵՄ ներկայացուցիչների առջեւ հարց է դրվել՝ ինչպես անել, որ Ուկրաինայի ԵՄ ասոցացումը չվնասի այն երկրներին, որոնք առեւտուր են անում Ուկրաինայի հետ:
«Նման հնարավորություններ կան, ինչպես ես հասկացա, լսելով բոլոր կողմերին: Ուստի մենք որոշեցինք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի դրանով, եւ եթե պետք լինի, փոփոխություններ կմտցնի Ուկրաինա-ԵՄ պայմանավորվածություններում»,-ասել է Նազարբաեւը:

 

Քննարկել են ընթացքը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի իր գործընկերոջ` Հեկտոր Տիմերմանի հետ: Զրուցակիցները քննարկել են հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

 

Շվարցենեգերի պաշտպանները
ՀՀ ոստիկանությունն արդեն տասը տարուց ավելի մշտական ճնշում է գործադրում սկավառակներ վաճառողների նկատմամբ: Այս մասին երեկ հայտարարել են սկավառակների ոչ մեծ խանութների սեփականատերեր Աննա Մարտիրոսյանը, Աշոտ Մաթեւոսյանը, Գեղամ Կարապետյանը եւ Համեստ Խաչատրյանը:
«Մեզ մոտ կարող են հայտնվել ցանկացած պահի եւ ձերբակալել կատարողների հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: Եթե խոսքը հայ հեղինակների մասին լիներ, էլի կարելի էր հասկանալ: Բայց գալիս է ոստիկանն ու ասում՝ դուք խախտել եք Շվարցենեգերի հետ պայմանագիր ունեցող ընկերության իրավունքը: Ի՞նչ իմանանք՝ այդպես է, թե ոչ: Որտեղի՞ց ճշտենք»:

 

Նախարարին սխալ է հանել
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն օրերս կայացած ասուլիսում անդրադառնալով մանկավարժների ցածր աշխատավարձերին` նշել էր, որ հուլիսի 1-ից մանկավարժների աշխատավարձերը բարձրացել են 9%-ով, սակայն դա մի մասի համար զգալի է, մյուսի համար՝ ոչ, քանի որ Հայաստանն ունի 25.000 ուսուցչի կարիք, մինչդեռ աշխատում է 40.000 ուսուցիչ, ընդ որում, ոմանք աշխատում են 0,25, ոմանք էլ՝ 0,5 դրույքով: Aravot.am-ը ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվել է` կա՞ն նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներում 0,25 դրույքով աշխատող մանկավարժներ: Վարչության պետը, սակայն նշել է, որ 0,25-ով աշխատողներ միանշանակ չունեն:

Էլի ստում են
Ադրբեջանական «Ենի մուսաֆատ» թերթը հաղորդել է, որ օգոստոսի 26-ին Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում հայտնվել է Հայաստանի 50-55 տարեկան քաղաքացի` սոցիալական ծանր պայմանների պատճառով: Քեմեռլի գյուղը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Դովեղ եւ Բերդավան գյուղերին: Հիշյալ համայնքների ղեկավարները նշում են, որ իրենց գյուղերից որեւէ մարդ չի անհետացել: Զինվորական եւ իրավապահ մարմինները եւս տեղյակ չեն Ադրբեջանում հայտնված անձի ինքնության մասին:




Լրահոս