ՀՀ-ում կներդրվի արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կազմակերպված սոցիալական աշխատողների միջազգային խորհրդաժողովում Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանում ներդրվելու է նոր հայեցակարգ, ինչը առավել արդյունավետ կդարձնի սոցիալական ծառայությունների մատուցումը: “Հայաստանում մենք ներդնում ենք ինտեգրացված սոցիալական հայեցակարգ: Այս որակական փոփոխությունը պահանջում է քննարկել բոլոր հարցադրումները: Սա ավելի արդյունավետ եղանակ է սոցիալական ծառայությունների մատուցման համար”,– ասաց Տիգրան Սարգսյանը “Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. Իրականություն և հեռանկարներե թեմայով խորհրդաժողովում:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ նման խորհրդաժողովի կազմակերպումը բացառիկ հնարավորություն է՝ մի կողմից ներկայացնելու ՀՀ կառավարության քաղաքականությունը սոցիալական ոլորտում, մյուս կողմից, փորձի փոխանակման միջոցով, տեղեկանալ այլ երկրների փորձին: Նրա խոսքով՝ միջազգային փորձի փոխանակումն ունի կառավարության համար առարկայական նշանակություն:
Վարչապետը նաև նկատեց, որ բազմազան են սոցիալական անհավասարության պատճառները, դրանցից մեկն էլ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության բացակայությունն է.
“Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք դեռևս չենք կարողացել անել այնպես, որ կրթությունը հասանելի լինի բոլոր ընտանիքներին՝ հավասարաչափ: Մենք տեսնում ենք, որ 60 տոկոսից ավելի ընտանիքներում չկան բարձրագույն կրթություն ստացողներ: Երկրորդ պատճառը աշխատանքի բացակայությունն է”,– ասաց նա: “Բայց խնդիրները շատ ավելի բազմազան են, դա կարող է լինել առողջական վիճակը, բնակարանի բացակայությունը, դատական վեճերը, որոշ հանցագործությունների մեջ ներքաշվածությունը”,- ասաց վարչապետը և հավելեց, որ չնայած առկա պատճառներին, ՀՀ կառավարությունը խիստ կարևորում է սոցիալական ծառայողի ինստիտուտի կայացումը Հայաստանում: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանում, սոցիալական ոլորտում բարեփոխումներ կատարելու նպատակով մինչև տարվա վերջ կստեղծվեն ինտեգրված սոցիալական ծառայության 15 կենտրոններ:
Ա. Գրիգորյանն ասաց, որ մեր երկրում սոցաշխատանքը՝ որպես մասնագիտություն, նոր է զարգանում, հետևաբար, հարկ է նպաստել դրա զարգացմանը: IFSW (Սոցիալական աշխատողների միջազգային ասոցիացիա) նախագահ Ռոռի Տրոյելը ևս բարձր գնահատեց Հայաստանում սոցիալական ոլորտի նկատմամբ կառավարության և պետության վերաբերմունքը: “Ձեր(վարչապետ – խմբ.) բառերը և ձեր ներկայությունն այստեղ ցույց է տալիս ձեր նվիրվածությունը սոցիալական ոլորտին: Ոչ բոլոր կառավարություններն են ստանձնում այս պարտավորությունը: Ես բարձր եմ գնահատում ձեր պատրաստակամությունը”,- ասաց IFSW նախագահը: IFSW-ի Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Նիկոլայ Փոուլսենն էլ իր հերթին փաստեց, որ տնտեսական ճգնաժամի պատճառով աշխարհը կարող է կորցնել մի ամբողջ սերունդ, որն այսօր ունի աշխատանքի խնդիր:




Լրահոս