ՀՀԿ-ական թեկնածուն քվեաթերթիկներ է տպագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 26-ի ուշ երեկոյան սկսվել է մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական քվեաթերթիկների տպագրությունը։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դրանք տպագրվում են “Տիգրան Մեծ” հրատարակչությունում: Առաջին հայացքից, կարծես թե, ոչ մի արտառոց երեւույթ չկա, սակայն երբ պարզ է դառնում, որ “Տիգրան Մեծ” հրատարակչության սեփականատերը Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վրեժ Մարկոսյանն է, պարզ է դառնում, որ ընտրական գործընթացի նորմալ ընթացքը վտանգված է: Կոչ ենք անում տեղական եւ միջազգային դիտորդական կազմակերպություններին ուշադրություն դարձնել այս աղաղակող հանգամանքի վրա: Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս գոյություն ունեն տասնյակ հազարավոր տպարաններ, որտեղ կարելի էր իրականացնել քվեաթերթիկների տպագրությունը: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վրեժ Մարկոսյանը պետք է ինքնաբացարկ ներկայացնի: Մյուս կողմից, սպառվել է ինքնաբացարկի համար նախատեսված ժամկետը: Ստեղծվել է փակուղային վիճակ: Այս պարագայում կոչ ենք անում քվեաթերթիկների տպագրությունը դադարեցնել, արդեն իսկ տպագրվածները` ոչնչացնել, եւ քանի դեռ ուշ չէ քվեաթերթիկների տպագրությունն իրականացնել այնպիսի տպարանում, որի սեփականատերն այս ընտրություններում շահագրգիռ կողմ չէ:
Չենք կարող չնշել նաև ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի ակնհայտ անգործությունը` նշված հարցը ժամանակին չբարձրացնելու և լուծուներ չտալու պատճառով:
“Հայաստանն առանց ընտրակեղծիքների” քաղաքացիական նախաձեռնություն:




Լրահոս