Հայ-թուրքական արձանագրությունները ուղարկվեցին «գրողի ծոցը». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը մի քանի կարեւոր ուղերձներ էր պարունակում, որոնցից ամենանշանակալին, թերեւս, վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին:

Անդրադառնալով իր իսկ կողմից նախաձեռնված հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները Թուրքիայի կողմից չվավերացնելու փաստին եւ ի սկզբանե առանց նախապայմանների հայտարարված այս գործընթացում Արցախի հարցը որպես պարտադիր պայման առաջադրելու` Թուրքիայի անթաքույց ուլտիմատումներին, Սերժ Սարգսյանը դիվանագիտական հնարքով, ըստ էության, թուրքերին տվեց հայ ժողովրդի պատասխանը. «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»:

Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից»: Այս բավականին կոպիտ, սակայն միանգամայն տեղին, ու, թերեւս, ուշացած պատասխանով Սերժ Սարգսյանը նաեւ ի ցույց դրեց իր խաբվածության եւ հիասթափության աստիճանը` հավելելով. «Այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրթական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

Այսպիսով` հոկտեմբերի 10-ի` արձանագրությունների ցյուրիխյան ստորագրման հինգերորդ տարելիցի նախօրեին (այն, որ դա տարելից է, եւ ոչ թե տարեդարձ, կարծես թե արդեն գիտակցում է նաեւ ինքը` Սերժ Սարգսյանը)/, փաստորեն, Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային` տալով նրան, կամ գուցե նաեւ` իրեն, վերջին շանսը: Թեեւ` գրեթե համոզված կարելի է ասել, որ դա որեւէ ազդեցություն չի ունենա, եւ հաջորդ քայլով ՀՀ նախագահն արդեն պարտավոր կլինի ոչ միայն հետ կանչել այդ արձանագրությունները ՀՀ Աժ-ից, այլեւ` հետ վերցնել պաշտոնական Երեւանի ստորագրությունն այդ արձանագրությունների տակից:
Նկատենք, որ սա Դաշնակցության` տարիներ ի վեր հնչեցրած պահանջն է ՀՀ իշխանություններից, եւ, թերեւս, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը արձանագրությունները հետ կանչելու հայտարարությունն անում է ՀՀԿ-ՀՅԴ հարաբերությունների վերջին ջերմացման ֆոնին:

Ամեն դեպքում` այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հայ-թուրքական էպոպեան այլեւս ուղարկված է «գրողի ծոցը»:




Լրահոս