Ինչպես արդեն հայտնել էինք, Աբովյանում մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունների միասնական հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ երբևէ Հայաստանում այսքան ցցուն չեն եղել իշխանության ձախողումները:
Օսկանյանի խոսքով՝ իշխանությունները հետին նպատակներ են հետապնդում իրենց վերարտադրման համար: «Արդեն յոթերորդ տարին է, որ այս իշխանությունները կառավարում են այս երկիրը: Մենք կարող ենք ասել, որ այս 7 – 8 տարիների ընթացքում երկիրը դոփել է: ՀՆԱ-ն նույնն է, ինչ 2008-ին, ոչ մի լումա չի ավելացել:
Երկիրը հետ է գնացել, ժողովրդի գնողունակությունն ընկել է, ներդրումները 60 տոկոսով կրճատվել են: Գլխավոր խնդիրը քաղաքական մենաշնորհն է, ամեն ինչ ղեկավարվում է մեկ քաղաքական ուժի կողմից: Մենք նոր վարչապետին մի քիչ հնարավորություն էինք տվել, այսքան ամիս է՝ սպասում ենք, բայց տեսնում ենք, որ այս իշխանությունները ոչ կարողություն ունեն, ոչ ցանկութուն օգնել ժողովրդին»,- ընդգծեց Վ. Օսկանյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն առաջին օրվանից այս ամենը տեսել է, և մեղավորն իշխանություններն են: