«Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված Startfor-ի վերլուծություններից հերթականը պատմում է Հայաստանի նախագահի՝ 2008թ. ընտրության մասին: Հեղինակը քննարկում է ընտրությունների արդյունքը՝ մատնանշելով Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում: Հատկանշական է, որ վերլուծականում իշխանական եւ ընդդիմադիր թեկնածուները համարվում են պրոռուսական գործիչներ: Startfor-ի համոզմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի նախագահ է ընտրել այն մարդուն, ով առավելապես կծառայի իր շահերին ու կմեծացնի ռուսական ազդեցությունը Հայաստանում: Ներկայացնելով Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները՝ վերլուծաբանը նկատում է, որ Հայաստանն ամբողջությամբ գտնվում է ռուսական ազդեցության տակ:
Այսպես. անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ հեղինակը հայտնում է, որ 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունը միմյանց դեմ էր հանել երկու ռուսամետ թեկնածուների: Ըստ վելուծականի՝ Հայաստանը գերագույն նշանակություն ունի Ռուսաստանի ռազմավարական ծրագրերի համար Կովկասում, ինչն էլ պատճառ է, որ ռուսական քաղաքական ու տնտեսական ազդեցությունը մշտապես աճի այստեղ: Ըստ այդմ՝ նախագահական ընտրությունների ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարվել է որպես միանձնյա հաղթող: Հավելելով, որ Սարգսյանի գլխավոր հակառակորդը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ վերլուծաբանը պնդում է, որ երկու թեկնածուներն էլ ռուսամետ են եւ յուրաքանչյուրն էլ իր հերթին իր քաղաքական պարտքն է մատուցել պաշտոնական Մոսկվային: Startfor-ն ընդգծում է, որ 2008թ. փետրվարի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին, մինչդեռ Ս.Սարգսյանը Երեւանում փետրվարի 6-ին ընդունել էր ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովին:
Ապա Startfor-ը բացատրում է, թե ինչու է Մոսկվան, իր կարծիքով, երկու ռուսամետ թեկնածուներից ընտրել Սերժ Սարգսյանին: Ըստ հեղինակի՝ այստեղ դեր են կատարել Սերժ Սարգսյանի ղարաբաղյան ծագումն ու պատերազմին նրա մասնակցությունը: Բացի այդ, Ս. Սարգսյանը, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար Հայաստանը տարածքային զիջումներ չպետք է անի: Վերլուծականի պնդմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է բաց պահել իր հնարավորությունները ԼՂ հիմնահարցում: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի է ԼՂ հակամարտությունը լուծելու փորձով, ուստի վերլուծաբանը վստահ է, որ Մոսկվայի տեսանկյունից` Տեր-Պետրոսյանն այնքան էլ հարմար թեկնածու չի լինի:
Քննելով Մոսկվայի աշխարհաքաղաքական խաղը՝ հեղինակը Հայաստանին համարում է դրա կարեւոր մասնիկը: Հայաստանը, կարելի է ասել, Ռուսաստանի կենտրոնական դիրքն է Հարավային Կովկասում ու առաջնային հանգույցը ռուս-իրանյան համագործակցության համատեքստում՝ ընդգծում է Startfor-ը:
Հեղինակը պնդում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ մի կապ չունի, թե ով է հաղթել Հայաստանում, քանզի ռուսական ազդեցությունն էական փոփոխությունների չի ենթարկվելու: Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանը շրջապատված է թշնամական կեցվածք ունեցող Ադրբեջանով ու Թուրքիայով, ինչի արդյունքում հարկադրված է ամրացնել իր հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Startfor-ի մոտեցմամբ՝ քանի դեռ շարունակվում են Ադրբեջանի ռազմական կուտակումները, Հայաստանում նախագահի ոչ մի թեկնածու չի կարող խզել Հայաստան-Ռուսաստան դաշինքը: Հեղինակը հիշարժան է համարում այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարից՝ միաժամանակ լարվածություն հարուցելով ԱՄՆ հետ հարաբերություններում՝ Իրանի հետ իր սերտ համագործակցության պատճառով:
Startfor-ն այդուհետ անցում է կատարում Ռուսաստանի տնտեսական ազդեցության թեմային՝ շեշտելով, որ վերջինս մեծացրել է իր տնտեսական դիրքերը հատկապես Հայաստանի ինֆրաստրուկտուրաների ու բիզնեսի ռիսկային ոլորտներում: Ըստ հեղինակի՝ Ռուսաստանը կառավարում է «ՀայՌուսգազարդ»-ը, որն իրավունք ունի տեղափոխել իրանյան գազը Հայաստան ու վերահսկում է Հայաստանի այն էլեկտրակայանները, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում Իրանի համար: Հեղինակը նշում է, որ Հայաստանում կապի ոլորտը եւս գտնվում է Ռուսաստանի բացարձակ վերահսկողության ներքո: Ռուսաստանի ազդեցության տիրույթում գտնվող ոլորտներից վերլուծաբանն ուշագրավ է համարել նաեւ երկաթուղային ու ալյումինի արտահանման ոլորտները:
Սակայն նոր բիզնես ծրագրերի հաջողության հարցում ամերիկյան վերլուծականը խնդիրներ է տեսնում: Ըստ նրա՝ Հայաստանը գործնականում կոտրված է, իսկ Ռուսաստանն էլ ավանդաբար նվազ միջոցներ է հատկացնում ինֆրաստրուկտուրային ծրագրերի համար: Ավելին՝ Մոսկվան անցյալում էլ հազվադեպ էր գումարներ ներդնում ուղղակիորեն Հայաստանում: Startfor-ը, սակայն, տեսնում է, որ Ռուսաստանը կարծես սկսում է ուղղակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ թույլ չտալու համար իր ազդեցության նվազագույն անկում անգամ: Հեղինակը եզրահանգում է, որ Ռուսաստանի հիմնական քայլերը հանգում են Հայաստանի ազգային հարստության տիրացմանը: Իսկապես, Ռուսաստանը չնչին պարտքի դիմաց վերցրեց Հայաստանի գրեթե ողջ ունեցվածքը՝ ցանկանալով բացարձակ դարձնել իր ազդեցությունն այստեղ: Հայաստանի իշխանություններն էլ, ըստ էության, հաջողությամբ ծառայեցին հենց այդ նպատակի իրականացմանը՝ ի սկզբանե այս առաքելությամբ էլ նշանակված լինելով Մոսկվայի կողմից:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ