ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին նշեց, որ իրեն երկար ժամանակ մի քաղաքացի է անհանգստացնում, ով ցանկանում է կառավարությունում բարձր պաշտոն ստանալ: Նա ներկայացրեց այդ անձի կենսագրությունը:
«Ծնվել է 1956թ. , ստացել է փայլուն կրթություն: Հետագայում հարուստ և բուռն կյանք է ունեցել: Մասնավորապես երեք տարբեր պատժաչափերի է արժանացել հանցագործությունների համար: Կարծում եմ նրա կատարած մի քանի հանցագործությունները ձեզ կհետաքրքրեն. հանրային սեփականության հափշտակություն, ավտոմեքենայի գողություն, ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, մի անգամ էլ դատվել է խուլիգանության համար:
Բոլորովին վերջերս մարդ է սպանել՝ վերևից ներքև կրակոցով ու քանի որ աղվեսի պես խորամանկ է՝ այնպես և այնպիսի դիրքից է կրակել, որ տեսախցիկները չեն ֆիքսել, բայց ինչպես ասում են փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդը ընկնում: Տեսախցիկները ֆիքսել են նրա ձայնը: Ասեմ նաև, որ այդ քաղաքացու անունը Սուրիկ է, 7 մլն դոլար «քյաշ» փող ունի: Պարոն վարչապետ, չե՞ք կարծում, որ ձեր կառավարությանն արժանի կադր է, գուցե՞ մի լավ գործ տայիք», – հարցրեց նա:
Նրա այս խոսքերին արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով խնդրեց հարցը հստակեցնել, թե ում է վերաբերում: Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ 99,9 տոկոս նման մի անձի՝ Սուրիկ Խաչատրյանին նշանակել է մարզպետ և մտածեց, թե կարող է այս մի մարդու համար ևս գործ գտնել:
«Հարցը Սուրիկի մասին է, ով որ ունի էսպիսի փայլուն աշխատանքային կենսագրություն: Կարելի է հանցագործներին, կրիմինալին կառավարությունում բարձր պաշտոններ տալ: Գուցե դա նպաստի նրանց ուղղմանը: Նայեք՝ Սուրիկ Խաչատրյանին նշանակել եք մարզպետ: Իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ նրա երեք դատվածության մասին, բայց փաստորեն ձեր կառավարության հետ աշխատելով ռեցիդիվիստները կարող են ուղղվել: Հանցագործներին տանում եք կառավարություն, ու նրանք երեք տարի անց ռեցիդիվիստից վերածվում են դոկտոր-պրոֆեսորի», – ընդգծեց նա:
«Ինձ համար ընդունելի չէ, որ հանցագործներին մեր կառավարությունում աշխատանքի ընդունեք: Ս. Խաչատրյանին ես ինքս եմ առաջարկել մարզպետի պաշտոնին, ուղղակի հաշվի առնելով իր փորձը և սյունեցիների առաջարկը: Ես բազմիցս գրավոր նամակներ եմ ստացել: Այո՛, կա հակասական մոտեցումներ և կարծիքներ, բայց մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սյունեցիները ցանկանում են նրան տեսնել մարզպետի պաշտոնում», – հայտարարեց վարչապետը: