«Վիկիլիքսի» հանրայնացրած հերթական փաստաթղթերը վերաբերում են Սերժ Սարգսյանի՝ դեռեւս Պաշտպանության նախարար եւ վարչապետ աշխատած տարիներին, սակայն ուղղակիորեն կապ ունեն նրա ներկայիս գործողությունների հետ: Առաջին փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսն է, ով 2005թ. զեկուցագրում քննարկում է այն խնդիրը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստվում է դուրս գալ ստվերից եւ իր «թագավորաստեղծ» գործունեությունը փոխարինել նախագահ դառնալու հավակնությամբ: Հաջորդ փաստաթուղթը, որը թվագրված է 2008թ. հունվարի 25-ով, պատմում է Սերժ Սարգսյանի եւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի միջեւ կայացած հանդիպման մասին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խոստացել էր աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ստեղծելով պատմաբանների հանձնաժողով:
Այսպես՝ Էվանսը նկատում է, որ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը սկսել է հաճախ մասնակցել հանրային միջոցառումներին, ինչն ավելի է ակտիվացրել այն շշուկները, որ նա 2008թ. կլինի նախագահության հիմնական հավակնորդը: Դեսպանը նկատում է, որ նման զարգացումն առավել հավանական է դիտարկվում, քանզի Քոչարյանը հրապարակայնորեն իր մերձավորներից ոչ ոքի չի մատնանշել որպես իրավահաջորդ, մինչդեռ Սարգսյանի հետ նրա մտերմությունը թույլ է տալիս ենթադրել, որ հենց վերջինս էլ կլինի այդ դերակատարը: Դիվանագետը կարծում է, որ Քոչարյանն էլ իր հերթին չի խանգարի Սարգսյանին, քանզի հազիվ թե գնա սահմանադրական փոփոխությունների՝ երրորդ ժամկետով նախագահությունը շարունակելու համար:
Զեկուցագրի հեղինակը հավելում է, որ Սերժ Սարգսյանը սկսել է փոխել իր կերպարը, ինչը մամուլը ներկայացնում է որպես նրա միջոցներից մեկը՝ հրապարակային ընդունելի գործիչ դառնալու ճանապարհին: Սա չափազանցություն համարելով հանդերձ՝ Էվանսը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Սարգսյանը արտահայտվել է ԼՂ հարցում զիջումների անհրաժեշտության մասին: Էվանսը հավանաբար նկատի ունի Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» «հաղթողական» թեզը, ինչով վերջինս ձգտում էր աստիճանաբար ձեռք բերել արտաքին՝ հատկապե՛ս արեւմտյան կենտրոնների աջակցությունը: Պատահական չէ, որ Էվանսի հավաստմամբ՝ այն ժամանակ ՀՅԴ-ական ՊՆ գեներալ Արթուր Աղաբեկյանը ԱՄՆ դեսպանության ներկայացուցչից փորձել է ճշտել, թե արդյո՞ք ԱՄՆ դեսպանը կաջակցի Սարգսյանի նախագահական հավակնություններին:
Այդուհանդերձ, Էվանսն արտահայտում է իր համոզմունքը, ըստ որի՝ Սարգսյանը կշարունակի մնալ իր դիրքում՝ «կառավարել բյուջեից դուրս գտնվող տնտեսական ակտիվները» եւ չի հագնի քաղաքական գործչի պատմուճանը: Էվանսը փաստորեն մատնանշում է Հայաստանի ստվերային տնտեսության իրական կառավարչին: Արդ, Հովիկ Աբրահամյանը ստվերը մանր առեւտրով զբաղվողների միջոցով հարկային դաշտ բերելու փորձերի փոխարեն, թող բարի լինի հայացք ձգել Բաղրամյան 26՝ ուշադրությունը կենտրոնացնելով ստվերը կառավարող իր կուսակցապետի վրա: Այսուհանդերձ, պետք է փաստել, որ Էվանսն իր կանխատեսումներում սխալվեց: Սերժ Սարգսյանը հենց Աղդամի մասին իր հայտարարությամբ արդեն իսկ սկսել էր շոշափել իր հնարավորությունները եւ օտարներին դատարկ խոստումներ տալու ավանդույթի հիմքը դրել, ինչը փաստվում է հենց «վիկիլիքսյան» հաջորդ փաստաթղթում:
2008թ. հունվարի 15-ին Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի եւ նախագահի թեկնածուի կարգավիճակով հանդիպել էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ.Բրայզայի հետ եւ նրա հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները: Ներկայացնելով իր մոտեցումները` Սարգսյանը պնդել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Սարգսյանը շեշտել է, որ ցանկանում է գնալ փաթեթային լուծման, որով երկու կողմն էլ պիտի զիջումներ անեն: Ըստ նրա «աշխարհացունց» ծրագրի՝ Թուրքիան պիտի բացի սահմանները եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Հայաստանն էլ իր հերթին պետք է ճանաչի Թուրքիայի պետական սահմանները (ի գիտություն Սարգսյանի՝ Քոչարյանը 1998թ.-ին Ստամբուլում արդեն իսկ ճանաչել էր Թուրքիայի եւ անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը) եւ համաձայնի ստեղծելու պատմաբանների հանձնաժողով:
Այս փաստաթուղթը, կարելի է ասել, բացառիկ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի՝ հրապարակային հայտարարություններին մեծագույն վերապահումներով մոտենալու համար: Հիշեցնենք, որ այս հանդիպումը տեղի էր ունենում նախագահական ընտրությունների քարոզարշավի նախօրյակին: Ընդ որում` քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ չի հայտարարել, որ պատրաստակամ է թուրքերի հետ համաձայնության գնալ՝ Ցեղասպանությունը կասկածի տակ դնող խայտառակ հանձնաժողովի ստեղծման գնով: Վստահաբար կարելի է եզրակացնել, որ Սարգսյանը ձգտում էր նմանօրինակ հակապետական զիջումների խոստումներով ստանալ օտարների աջակցությունը ընտրություններում հաղթող հռչակվելու համար: Ի վերջո, նա ստիպված եղավ նաեւ կատարել գաղտնաբար տված իր խոստումը:
Այսօր, նա ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» է ուղարկում այն թուրքերին, ովքեր անցյալում արված խոստովանության համաձայն՝ իրեն խաբել ու չեն վավերացրել արձանագրությունները: Հայաստանի իշխանությունն, ըստ էության, այսօր անկարող է արժանապատվորեն ընդունելու այն քաղաքականության տապալումը, որը նախաձեռնել էր ազգային նվաստացման գնով օտարներին հաճոյանալու եւ միմիայն սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Արդ, այսօր ո՞ր միամիտը (դաշնակներին «չհաշված») կհավատա Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխություններ անելու անկեղծ մղումներին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ