Ֆրանսիացիների՝ 11 հոգանոց ընտանիքը միացել է «Իսլամական պետությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացիների՝ 11 հոգուց բաղկացած ընտանիքը՝ ներառյալ տարեց տատիկին և վեց ամսական երեխային, ուղևորվել է Սիրիա: Ընտանիքի անդամները որոշել են միանալ «Իսլամական պետության» գրոհայիններին: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական The Local-ը, ընտանիքի երեք սերնդի ներկայացուցիչները լքել են իրենց տունը Նիցայում և մեկնել Թուրքիա: Այնտեղից նրանք մտադիր են ուղևորվել Սիրիա և համալրել ծայրահեղականների շարքերը: Խոսքը գնում է տարեց կնոջ, նրա երեք երեխաների, վերջիններիս զուգընկերների և նրանց երեխաների մասին:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով, ծայրահեղական իսլամիստական գաղափարներով ընտանիքի անդամները տեղափոխվել են վերջին ամիսների ընթացքում: Այդ մասին բարձրաձայնել է պապիկը, ով իմացել է, որ իր երկու թոռները դադարել են դպրոց հաճախել: Հետո նա մտել է իր 27-ամա դստեր Twitter-ի էջ և տեսել այնտեղ Թուրքիայից լուսանկարներ:

Ինչպես պարզվել է, կինը իսլամ է ընդունել, երբ ամուսնացել է մուսուլմանի հետ: Հորը նա չի հայտնել, որ պատրաստվում է մեկնել, սակայն ընկերուհուն տեղեկացրել է, որ գնում է ամուսնու մոտ «Ալլահի կամքով»: Կնոջը միացել է նրա սկեսուրը, ինչպես նաև ամուսնու քույրերը՝ իրենց ամուսինների և երեխաների հետ միասին:

Դա առաջին դեպքը չէ, երբ եվրոպացիները, այդ թվում նաև ֆրանսիացիները, ողջ ընտանիքներով մեկնում են Սիրիա, որպեսզի միանան «Իսլամական պետությանը»:
Տեղեկություններ կան, որ 2012թ.-ից Ֆրանսիայի մոտ 150 քաղաքացիներ միացել են «Իսլամական պետությանը»:




Լրահոս