Տևական ժամանակ ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» -ը տարբեր հարթակներից ժողովրդին կոչ էին անում մասնակցել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համաժողովրդական հավաքին: Ոչ իշխանական ուժերը խոստանում էին ամեն ինչ անել իշխանափոխության համար: Այդ կոչերը Եռյակի առաջնորդներից երկուսի կողմից հնչեցին նաև երեկ:
Ոչ իշխանականների ելույթների, հանրահավաքից ընդհանուր տպավորությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Սուքիաս Ավետիսյանի հետ:
-Տիկի՛ն Աճեմյան, հետեւե՞լ եք երեկվա հանրահավաքի ընթացքին, ինչպիսի՞ տպավորություն ունեք: Արդյո՞ք հնչած ելույթներն ու հանրահավաքի բազմամարդությունը ՀՀԿ-ին անհանգստանալու տեղիք չտվեցին:
-Հետեւել եմ հանրահավաքի ընթացքին: Պիտի ասեմ, որ նոր բան չտեսա ոչ իշխանականների հանրահավաքին: Ամեն ինչ նույնն էր, եւ ոչ մի փոփոխություն: Իսկ մարդկանց հոծ բազմության մասին էլ կարող եմ ասել, որ այդ ուժերն իրենց ընտրազանգվածն ունեն, եւ տրամաբանական է, որ Ազատության հրապարակն այդքան բազմամարդ էր:
-Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին ի՞նչ կարող եք ասել: Նա նշեց, որ հպարտ է հանրահավաքի մասնակիցների կողքին գտնվելու համար, բայց իր բուն ասելիքը տեղափոխեց հաջորդ հանրահավաք: Ինչո՞ւ:
– Չեմ կարող ասել, թե ինչու: Այդ մասին հավանաբար ավելի հստակ ինքը կարող է ասել:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքի ընթացքին չի հետեւել:
-Պարո՛ն Ավետիսյան, ոչ իշխանականների այդքան սպասված հանրահավաքը կայացավ: Ի՞նչ կարող եք ասել: Արդյո՞ք Ձեզ համար անակնկալ չէր հանրահավաքի բազմամարդությունը:
– Չեմ հետեւել ընթացքին: Որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Հենց հետեւեմ ելույթներին, այդ ժամանակ էլ կարող եմ որեւէ բան ասել:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ